Թեղուտի հանքավայրում աշխատանքի ժամանակ 52-ամյա աշխատակից է մահացել

Թեղուտի հանքավայրում աշխատանքի ժամանակ 52-ամյա աշխատակից է մահացել

ԷկոԼուր

Մայիսի 15-ին Թեղուտի հանքի պոչամբարի խողովակաշարերի վերականգնման աշխատանքների կատարման ընթացքում մահացել է 52-ամյա Լեռնիկ Ռամազյանը:

ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ մայիսի 15-ին, ժամը 14:15-ին մի ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Լեռնիկ Ռամազյանը աշխատանքի ժամանակ ընկել է և մահացել:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 13:25-ի սահմաններում, ընկերության պոչամբարի տարածքում, որտեղ պոչամբարի խողովակաշարի վերականգնման, ճանապարհի հարթեցման և լայնացման աշխատանքներ են տարվում, էքսկավատորի պտույտի ժամանակ էքսկավատորի հետևի մասը դիպել է Լեռնիկ Ռամազյանին և պատճառել վնասվածք, ինչի հետևանքով նա մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն», - կարդում ենք ՀՀ ոստիկանության կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Թեղուտի ծրագրի տարածքում աշխատանքները վերսկսվել են մոտ մեկ տարվա դադարից հետո: Հիշեցնենք, որ բաժնետոմսերի նախկին սեփականատեր «Վալլեքս» ընկերությունների խումբը զրկվել է «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերից այն պատճառով, քանի որ չէր վճարել ռուսական ՎՏԲ բանկից վերցված վարկերի դիմաց գոյացած պարտքը: Ամբողջ գույքն անցել է բանկին, որը որպես կառավարիչ հրավիրել է հայկական ծագում ունեցող ռուս գործարար Նորիկ Պետրոսյանին:

Հիշեցնենք  նաև, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն անց է կացրել «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ» գործի Հանրային Բնապահպանական դատը և հրապարակել դատարանի կայացրած վճիռը, որը հրապարակված է այստեղ

13:42 Մայիս 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news