Հայաստանում առանց ՋԹ գործունեություն է իրականացնում շուրջ 574 տնտեսվարող սուբյեկտ

Հայաստանում առանց ՋԹ գործունեություն է իրականացնում շուրջ 574 տնտեսվարող սուբյեկտ

ԷկոԼուր

Հայաստանում առանց ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) գործունեություն է իրականացնում շուրջ 574 տնտեսվարող սուբյեկտ: Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արծիկ Մինասյանը օրերս կառավարությունում տեղի ունեցած Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն էլ, ներկայացնելով ջրային ռեսուրսների գերօգտագործման հետևանքները, նշել է, որ մոտ 205 հորատանց դադարել է շատրվանել, 2016 թ. դրությամբ Հայաստանի ջրառատ գետերից մեկի՝ Սևջուր գետի ակունքների աղբյուրների որոշ խմբեր անհետացել են, ինչի հետևանքով զգալիորեն կրճատվել է Սևջուր գետի սնումն ակունքում: Էականորեն կրճատվել է Ակնա լճի մակերեսը և բնական ելքը: 2013-2014 թթ. վտանգվել է 29 համայնքի՝ մոտ 8000 հա հողատարածքների ոռոգումը: 2014 թ. Սևանա լճից օրենքով նախատեսված ծավալից ավելի շատ ջուր է բաց թողնվել, 2013-2014 թթ. կատարվել են լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից և այլ աղբյուրներից: Նշվել է նաև, որ ապօրինի ջրօգտագործումը բացառելու նպատակով մասնավորապես, 2014թ. առ այսօր Արարատյան դաշտում լուծարվել են 56, կոնսերվացվել՝ 63 և փականային ռեժիմի բերվել՝ 330 ինքնաշատրվանող խորքային հոր, ինչի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է շուրջ 28808,8 լ/վրկ՝ տարեկան 908,5 մլն մ³:

ՀՀ կառավարության կայքի համաձայն՝ ՀՀ վարչապետն անհրաժեշտ է համարել բնապահպանական վտանգավոր իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված լուրջ քայլերի ձեռնարկումը՝ հանձնարարելով ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ: «Տալիս եք շատ կոշտ և առարկայական միջոցառումների ծրագիր և շատ կոշտ հաշվարկում եք այն լիմիտը, որը ձկանը պետք է գնա, ապրոբացիա եք անում ձկան բիզնեսով զբաղվող այն կառույցների հետ, որոնց խոսքին հավատում ենք: Եթե գողանում է, դրա դեմը պետք է առնել, այդտեղ խնդիր չկա, բայց ես ուզում եմ՝ համոզված լինենք, որ մենք արհեստական խոչընդոտներ չենք ստեղծելու բիզնեսի համար. ինչ որ ասում ենք՝ իրավունք ունենք ոչ միայն ռեսուրսի տիրոջ, այլև տրամաբանության, բարոյականության տեսանկյունից: Ինչ վերաբերում է սակագներին՝ եթե թվերը ճիշտ են, ապա պետք է սահմանել կոշտ գներ՝ տրամաբանության մեջ, մաքսիմալ կոշտ: Այսօրվանից բոլորն իրենց գործառույթները խստագույնս կատարեն», - ասել է վարչապետը:

17:19 Հունվար 23, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news