ՏԿԱԻ նախարար. «Սյունիքում բնակիչների 94 տոկոսը, Լոռիում 64 տոկոսը և Տավուշում 74 տոկոսը ասել են` այո, մենք ուզում են գնալ խոշորացման»

ՏԿԱԻ նախարար. «Սյունիքում բնակիչների 94 տոկոսը, Լոռիում 64 տոկոսը և Տավուշում 74 տոկոսը ասել են` այո, մենք ուզում են գնալ խոշորացման»

ԷկոԼուր

Սյունիքում, Լոռիում եւ Տավուշում կիրականացվի համայնքների խոշորացման ծրագիր: Այս մասին մայիս 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար (ՏԿԱԻ) Արմեն Երիցյանը: «Սյունիքում բնակիչների 94 տոկոսը, Լոռիում 64 տոկոսը և Տավուշում 74 տոկոսը ասել են` այո, մենք ուզում են գնալ խոշորացման: …Մենք պետք է անենք պիլոտային ծրագիրը, որ մյուս համայնքները ցանկություն հայտնեն գնալ խոշորացման… Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ սա կօգնի լուծել շատ խնդիրներ ու կավելացնի ներդրումները»,- ասաց Արմեն Երիցյանը: Ներկայացնելով նախարարության ձեռքբերումները Արմեն Երիցյանը նշեց, որ Հայաստանի 5 մարզում ճգնաժամային կառավարման կենտրոններ են գործում, և առաջիկա օրերին նման կենտրոններ կբացվեն ևս 2 մարզում: Նախատեսվում է, որ մոտ ապագայում Հայաստանի բոլոր մարզերը ունենան ճգնաժամային կառավարման կենտրոններ:

Հարցին, թե ինչ սկզբունքով են գնահատվում ռիսկերը, երբ 9-10 բալանոց սեյսմիկ գոտում ամենօրյա պայթեցումներով շահագործվում են հանքավայրեր, նախարարը պատասխանեց. «Մեր սկզբունքը հետևյալն է. մենք նայում ենք այնտեղի սեյսմիկան, տալիս ենք եզրակացություն: Ընդհանուր առմամբ ուզում եմ Ձեզ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը սեյսմիկ  ակտիվ գոտի է, բոլոր տեղերում այդ սեյսմակայանությունը մենք նայելով, տեսնում ենք գրունտը և տալիս ենք եզրակացություն: Այդ եզրակացության հիման վրա շահագրգիռ ծառայությունները կատարում են իրենց աշխատանքները»:

Անդրադառնալով 2014 թվականի ձեռքբերումներին` Արմեն Երիցյանը առանձնացրեց ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը` նշելով. «Մոտ 40 մլն դոլլարի ներդրում է արվելու, և այդ կենտրոնը դառնալու է տարածաշրջանում հնարավոր աղետների արձագանքման լավագույն կենտրոններից»:

Արմեն Երիցյանը կարևորեց նաև ՄԱԿ-ի միջազգային որոնողա-փրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան փրկարարական թիմ ունենալու նախաձեռնությունը. «Աշխարհում ընդամենը 34 երկիր ունի նման թիմ, որոնց թվում են, օրինակ` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ճապոնիան, և մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ընդգրկվել այդ շարքում: Նշեմ, որ Ադրբեջանը մի քանի անգամ հայտավորվել է որակավորում անցնելու համար ու ձախողվել: Հենց այս պահին էլ մեծ ուսումնավարժություն է ընթանում, որտեղ մեր միջազգային փրկարարական թիմերը վերջին պատրաստությունն են տեսնում սեպտեմբերին կայանալիք որակավորման քննությունը հանձնելու համար»:

Արմեն Երիցյանի խոսքերով` աշխատանքներ են իրականացվել Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման և վերազինման ուղղությամբ: Արդիականացվել են «IRIS-Գառնի» սեյսմիկ կայանը և կապի միջոցները՝ ապահովելով արդեն 4-րդ սերնդի սեյսմիկ սարքերի անխափան աշխատանքը: Այս տարի կկայանա Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի բացումը: Ընթացքի մեջ են Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Ավարտին ռուս գործընկերները խոստացել են մի քանի խոշոր փրկարարական ուղղաթիռ տրամադրել: Լուսակերտում կառուցվել է մեծ ուսումնական կենտրոն, որտեղ ուսուցանվում և վերապատրաստվում են  ապագա եւ գործող փրկարարները:

13:02 Մայիս 29, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news