ԷկոԼուր
Անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
Այս որոշումն ընդունվել է Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Հանդիպմանըմասնակցել են ՀՀ բնապահպանության, ՀՀարտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների տնօրեններ։
Միքայել Մանուկյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի ստեղծումը կարևոր է` նկատի ունենալով անցյալ տարվա հրդեհների բռնկման փորձը և հաշվի առնելով, որ առջևումհրդեհավտանգ ժամանակաշրջան է: Նա առաջարկել է իրականացնել իրավիճակի, կարողությունների գնահատում, սահմանել հրդեհաշիջման համար անհրաժեշտսարքավորումների ցանկ, մշակել գործողությունների պլաններ հնարավոր հրդեհների կանխարգելման ուղղությամբ։ Միքայել Մանուկյանը նշել է, որ հրդեհաշիջման ընթացքումիրականացվող աշխատանքների կոորդինացման անհրաժեշտություն կա, նաև ընդգծվել է անտառային տարածքներում բջջային կապի բացակայության հարցը։
Անտառտնտեսությունների տնօրենները մտահոգություն են հայտնել, որ հրդեհները հիմնականում բռնկվում են անտառամերձ համայնքային տարածքներում, հետո մուտք գործում անտառ և այս պարագայում անհրաժեշտ է, որ ԱԻՆ-ի կողմից միջամտություն լինի. համապատասխան տեխնիկայի կիրառում՝ անտառային տարածքներ հրդեհի մուտքը կանխելու համար, քանի որ անտառտնտեսություններում եղած ռեսուրսները շատ հաճախ չեն բավարարում։ ԱԻՆ-ի աշխատակիցները եղած դժվարությունները վերացնելու, համագործակցելու պատրաստակամություն են հայտնել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նշենք, որ անտառային հրդեհները հատկապես շատ էին 2017թ-ին: «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով` 2017 թ-ին «Խոսրովի անտառ»պետական արգելոցում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է ընդհանուր 1716,3 հա տարածք, որից արգելոցի սահմաններից դուրս այրված տարածքը կազմել է 74,66 հա:Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհի ադյունքում այրվել է ընդհանուր 609.016 հա տարածք: Բյուրականում բռնկված հրդեհն ընդգրկել է մոտ 762 հա տարածք, որտեղ ցածր, չափավոր-ուժեղ և բարձր աստիճաններով այրվել է մոտ 597 հա տարածք: Ընդհանուր այրվել է 2922.316 հա տարածք: Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով 2012-2016 թթ. բռնկված հրդեհների արդյունքում գումարային այրվել է 364.6 հա անտառածածկ տարածք:
Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 24-ին հրդեհ էր բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում: ԱԻՆ-ի տվյալներով` այրվել է մոտ 2,7 հա բուսածածկ տարածք, 17 ծառ, կոճղեր և ծառի ճյուղեր:
Մարտ 27, 2018 at 18:02