Սինգապուրի կառավարությունը կաջակցի Երևանի բուսաբանական այգու վերականգնմանը

Սինգապուրի կառավարությունը կաջակցի Երևանի բուսաբանական այգու վերականգնմանը

ԷկոԼուր

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում ՀՀ կառավարության և Սինգապուրի կառավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների հետ հունվարի 26-ին անցկացված խորհրդակցության ժամանակ:

«Նախնական պայմանավորվածություն կա, որ Սինգապուրի կառավարությունն աջակցություն ցուցաբերի Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ, որովհետև գիտեք, որՍինգապուրում աշխարհահռչակ բուսաբանական այգի կա: Սինգապուրի փոխվարչապետն, ըստ էության, տեղում հաստատեց, որ կարող ենք այդ հարցը լուծված համարել, մնում է, որ Երևանի քաղաքապետարանը Բնապահպանության նախարարության հետ կոնկրետ նախագիծ ներկայացնի», - ՀՀ վարչապետի խոսքերն է մեջբերում կառավարության պաշտոնական կայքը:

Նշենք, որ Երևանի բուսաբանական այգին ընդգրկված է ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կազմում: 83-ամյա այգին իրականացնում է ազգային և համաշխարհային արժեք ներկայացնող բուսատեսակների գենոֆոնդի պահպանությունը: Այգում էկոլոգաաշխարհագրականդասական սկզբունքով ստեղծված Կովկասի, Ամերիկայի, Արևելյան Ասիայի, Եվրոսիբիրի ֆլորաների էքսպոզիցիոն հողամասերում ցուցադրված են շուրջ 5000 անվանում ներկայացնող արժեքավոր բուսատեսակների հավաքածուներ, այդ թվում` Հայաստանի ֆլորայի և բուսականության եզակի ex situ հավաքածուն (1,5 հա, 1935թ.), որտեղ կենտրոնացված է Հայաստանի հարուստ ֆլորայի ավելի քան 1800 տեսակ:

Դավոսի համաժողովի ընթացքում Փաշինյանը նաև քննարկումներ է ունեցել միջազգային այլ գործընկերների հետ: Ռուսական ՎՏԲ բանկի հետ քննարկվել է Թեղուտի պղնձամոլիբդենային ծրագրի հարցը: «ՎՏԲ բանկի հետ, ինչպես գիտեք, աշխատում ենք Թեղուտի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու համար», - ասել է վարչապետը:

Շվեյացրիայի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ շվեյցարական կողմը ջրային ռեսուրսների կառավարման առումով աջակցություն կցուցաբերի Հայաստանին, քանի որ այդ առումով Շվեյցարիան գտնվում է բարձր մակարդակի վրա:

«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր երկրի շուրջ քաղաքական առումով ձևավորված է պոզիտիվ մթնոլորտ, ինչը պետք է կարողանանք օգտագործել տնտեսական առումով կոնկրետարդյունքներ ունենալու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

15:43 Հունվար 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news