Արարատի մարզում կբարեկարգվեն և կկառուցվեն ոռոգման ջրագծեր

Արարատի մարզում կբարեկարգվեն և կկառուցվեն ոռոգման ջրագծեր

ԷկոԼուր

2019 թ-ին հրատապ ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացվող 264,4 միլիոն դրամ և Արարատի մարզի 13 համայնքների բյուջեից հատկացվող 16.57 միլիոն դրամ համաֆինանսավորմամբ կկառուցվեն և կվերանորոգվեն ոռոգման ջրագծեր։ Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը:

Ոռոգման ոլորտի 2019 թ-ի առաջնահերթությունների ծրագրով Եվրասիական զարգացման բանկի միջոցով մարզում կներդրվի 2 միլիարդ 223 միլիոն 525 հազար դրամ։ Ծրագրով նախատեսվում են ջրանցքների վերականգնման և կառուցման աշխատանքներ մի շարք համայնքներում: Մինչև 2020 թ-ը նախատեսվում է ավարտել Արտաշատի ջրանցքի 5-րդ բաժանարար, Նոր Խարբերդի ջրանցքի ինքնահոս համակարգերի, Ազատ գետից Մխչյանի պոմպակայանի առաջին աստիճանի հեռացնող ջրանցքին դոտացիոն ջրանցքի, Արտաշատի մայր ջրանցքի 4 վթարային հատվածների, Սայաթ-Նովա, Արբաթ, Դվին ջրանցքների, Արտաշատ ջրանցքի N49 բաժանարար, Դարակերտի, Դաշտավանի, Արբաթի, Ղուկասավանի, Հայանիստի, Մասիս քաղաքի, Նիզամիի, Այնթապի, Նոր Խարբերդի, Արաքսավանի, Արևշատի, Մասիս գյուղի, Աբովյանի, Շահումյանի, Կանաչուտի, Նորաշենի, Ն. Դվինի, Այգեստանի, Այգեպատի, Ոստանի, Սիսավանի, Ավշարի, Վանաշենի, Վեդիի, ՓոքրՎեդիի, Դաշտաքարի, Նոր Ուղիի, Նոյակերտի, Արարատի, Այգավանի, Զանգակատանի, Լուսառատի ներտնտեսային ցանցերի շինարարական աշխատանքները:

2019 թ-ին շարունակվելու են 2014 թ-ի վերջին մեկնարկած Զարգացման ֆրանսիական գործակալության միջոցով՝ 75 միլիոն եվրո և պետական բյուջեից՝ 15 միլիոն եվրո ներդրումով 29.0 միլիոն խմ տարողությամբ Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները, որն ինքնահոս եղանակով կապահովի Արարատի տարածաշրջանի ոռոգման ջրի որոշակի պահանջը։

2019 թ-ին կավարտվեն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում հանուն ռեսուրսների համալիր պահպանության ծրագրի (ԳԱՏՕ) և Սայաթ-Նովա համայնքապետարանի համատեղ ուժերով ոռոգման ջրագծի կառուցման՝ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու աշխատանքները։ Այս ծրագրով Սայաթ-Նովա համայնքում ոռոգվում է 60 հեկտար հող։ Վերոնշյալ համայնքում նախատեսվում է նաև կառուցել ևս 1100 մետր նոր ջրատար, որի աշխատանքների համար կծախսվի 25 միլիոն դրամ։ Այս գումարից 20 միլիոնը կհատկացնի պետությունը, իսկ 5 միլիոնը կհատկացվի համայնքի բյուջեից։ Նոր ջրատարի շնորհիվ համայնքում ոռոգելի կդառնա ևս 130 հեկտար հող։

Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

15:17 Փետրվար 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news