Ազգային անվտանգության նոր ռազմավարության բնապահպանական նպատակները

Ազգային անվտանգության նոր ռազմավարության բնապահպանական նպատակները

ԷկոԼուր

Սևանա լճի էկոհամակարգի վերկանգնում, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի արդյունավետ կառավարում, բնական պաշարների ռացիոնալ օգտագործում և մի շարք այլ բնապահպանական նպատակներ է սահմանված 2020թ-ի ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունում, որը փոխարինում է  2007թ-ին ռազմավարությանը: Փաստաթղթի «Շրջակա միջավայրի վերականգնում, պահպանություն եվ բարելավում» բաժինը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«- Շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը Հայաստանի բնականոն կենսագործունեության և ազգային անվտանգության ապահովման կարևորագույն օղակներից են: Հայաստանը շրջակա միջավայրի կառավարման իր քաղաքականությունը հավասարակշռում է սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ:

- Մենք հանձնառու ենք Սևանա լճի՝ որպես Հայաստանի ջրային ռեսուրսների ռազմավարական պաշարի էկոհամակարգի վերականգնմանը և պահպանմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների՝ այդ թվում Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի արդյունավետ կառավարմանը, կենսական նշանակության ջրհավաք ավազանների ու գերխոնավ տարածքների պահպանմանը:

- Մենք գործուն քայլեր ենք իրականացնելու բուսական և կենդանական աշխարհի, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման և ընդլայնման, ինչպես նաև երկրի հողային ծածկույթի դեգրադացման ծավալների կրճատման ու անապատացման դեմ պայքարի ուղղություններով: Մեր առաջնահերթությունների թվում են բնական պաշարների ողջամիտ օգտագործումը, ընդերքօգտագործման հետևանքով խախտված տարածքների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացումը և պոչամբարների անվտանգությունը, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանությունն ու կենսանվտանգության ապահովումը:

- Շրջակա միջավայրի անվտանգության ապահովման նպատակով մենք կատարելագործելու ենք ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր թափոնների կառավարման համակարգը, ստեղծելու ենք քիմիական նյութերի անվտանգ կառավարման համակարգ։

- Հայաստանը մտադիր է մշակել և իրականացնել կանաչ տնտեսության ներդրմանն ուղղված քաղաքականություն, զարգացնել լավագույն հասանելի տեխնոլոգիաներ և էկոլոգիապես մաքուր արտադրություններ, ներդնել և կիրարկել գիտահենք և ռիսկերի գնահատման վրա հիմնված մշտադիտարկման համակարգ:

- Ոլորտում մեր առաջնահերթություններից են հասարակության իրազեկվածության բարձրացումը և էկոլոգիական գիտակցության արմատավորումը, ինչպես նաև էկոլոգիական կրթության համակարգի ներդրման ապահովումը։

- Մենք կարևորում ենք միջազգային համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում՝ հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները մեղմելու և հարմարվողականության, դիմակայունության բարձրացման գործընթացների ապահովման՝ այդ թվում ընդերքօգտագործման հետևանքով խախտված տարածքների նվազեցման, կենսաբազմազանության կորստի, բնական միջավայրերի դեգրադացման կանխարգելման, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղություններով»:

 

18:25 Հուլիս 10, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news