ՀՀ կառավարությունը կօժանդակի կարկուտից տուժած համայնքների բնակիչներին

ՀՀ կառավարությունը կօժանդակի կարկուտից տուժած համայնքների բնակիչներին

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը կօժանդակի կարկուտից տուժած համայնքների բնակիչներին:

Մայիսի 23-ին ՀՀ կառավարությունը որոշել է ավելացնել հակակարկտային կայանների քանակը և դրանք ներառել ընդհանուր լոկացիոն ցանց, տուժած համայնքներն ազատել հողի հարկից և ջրի վարձից, երկարաձգել վարկերի դրամայնացման և սուբսիդավորման մարման ժամկետները։ Արմավիրցիներին օգնելու ծրագիրը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ ծրագիրը քննարկվել է Արմավիրի համայնքների ղեկավարների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ եւ հավանություն է ստացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Իր ելույթում ՀՀ վարչապետը մասնավորապես ասել է. «…Շուրջ 17 հազար հեկտար հողատարածությունների վնաս է հասցված, ընդ որում` 46-ից 23 համայնքներում 100 տոկոսով բերքին վնաս է հասցված…

Առաջին հարցը վերաբերում է հողի հարկին: Մենք պայմանավորվեցինք, որ հետևյալ սկզբունքով ենք առաջնորդվում. 22 համայնքները, որտեղ ահռելի մեծ վնասներ են հասցվել և շուրջ 100 տոկոս կորուստներ ունենք, մենք ամբողջությամբ հատուցելու ենք հողի հարկի վճարները: Մնացած 24 համայնքներում, որտեղ կորուստները կազմում են 20, 30, 50 տոկոս, մենք պայմանավորվեցինք, որ համայնքի ղեկավարներն աշխատելու են գյուղացիական տնտեսությունների հետ և մեզ ներկայացնելու են ցուցակներ: Եթե այդ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների կորուստները 100 տոկոս են, նրանց նույնպես 100 տոկոս հատուցելու ենք հողի հարկը, եթե 50 տոկոս են, մենք 50 տոկոսը կհատուցենք, 50 տոկոսն իրենք կվճարեն: Այսինքն` 22 համայնքում 100 տոկոս, մնացած 24-ում որոշ դեպքերում` 100 տոկոս, որոշ դեպքերում` 50 տոկոս` ըստ կորուստի աստիճանի: Այստեղ խոսքը մոտավորապես 200 մլն դրամի մասին է:

Երկրորդ օժանդակության խնդիրը վերաբերում է ջրի վճարներին: Այստեղ գումարներն ավելի մեծ են, 530 միլիոնից ավելի գումարի մասին է խոսքը: Պայմանավորվածությունը նույնպես հետևյալն է. 100 տոկոս վնաս կրած գյուղացիական տնտեսություններն ստանալու են մեր կողմից 100 տոկոսանոց աջակցություն` 22 համայնքում անմիջապես, 24 համայնքում նույն սկզբունքով. մինչև 50 տոկոս տուժածների դեպքում մենք 50 տոկոսը կհամաֆինանսավորենք, իսկ 50 տոկոսից ավելի տուժածների դեպքում ամբողջությամբ կֆինանսավորենք, ընդ որում ցուցակները մեզ ներկայացնելու են իրենք, և դա լինելու է հրապարակային, որպեսզի այդ համայնքներում ժողովուրդը տեսնի, որ իսկապես, ովքեր որ տուժել են, հենց նրանք էլ ստանում են այդ օգնությունը:… .

… անհրաժեշտ է, որպեսզի մենք Արմավիրի մարզում կառուցենք երկրորդ պաշտպանողական շերտը` մոտավորապես 50 հակակարկտային կայան, յուրաքանչյուրը շուրջ 6.2 – 6.3 մլն դրամ արժողությամբ, և մենք այսօր այս ծրագրում ներառում ենք այդ կետը, որ կհատկացնենք 350 մլն դրամի չափ գումար` մոտավորապես նախատեսելով, որ դա իր մեջ ներառում է 50 հակակարկտային կայանների տեղադրում, ինչպես նաև այդ հակակարկտային կայանները միասնական ռադիոլոկացիոն ցանցով ծածկելու խնդիրն ենք լուծելու, որպեսզի աշխատի միասնական համակարգ։ … Չորրորդ հարցը վերաբերում էր առևտրային բանկերի տոկոսադրույքներին … Պայմանավորվածությունն այն է, որ բոլոր տնտեսությունների հետ լինելու է անհատական աշխատանք, որովհետև վարկերի ծավալները, ժամկետայնությունը, գումարները, գրավադրված առարկաները տարբեր են և բոլոր, իհարկե, առևտրային բանկերի կողմից օգնություն է տրամադրվելու՝ անհատական բանակցային գործընթացների միջոցով։ … Մենք խոստացել ենք գյուղացիներին, որ նրանց արտարժույթային վարկերը կփոխարկենք դրամային վարկերի և մենք դրա համար Կենտրոնական բանկին կտրամադրենք դրամային միջոցներ՝ մեր վարկային միջոցներից, որ այսօր ունեինք Կենտրոնական բանկի մեր հաշիվներում և այդ կետը նույնպես ներառված կլինի մեր ծրագրում։

Միևնույն ժամանակ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ Արմավիրի մարզի մեր պատգամավորները հանդես եկան նախաձեռնությամբ, որ կբացվի հիմնադրամ և մասնավոր անձինք հատկացումներ կկատարեն այդ հիմնադրամին, որպեսզի առավել անապահով տնտեսություններին օգնություն ցուցաբերվի։

… Հաջորդ խնդիրը, որ բարձրացվում էր, ապահովագրության խնդիրն էր։ Մենք քննարկեցինք մեր համայնքների ղեկավարների, գյուղացիների հետ և գտանք ոչ նպատակահարմար այդ ուղղությամբ աշխատանքների առումով, քանի որ ապահովագրական համակարգի ներդրումը ենթադրում է, որ նրանք պետք է պարտավորություն ստանձնեն ամեն ամիս կատարել ապահովագրական վճարներ, այն պարագայում, երբ նրանք այդպիսի ֆինանսական հնարավորություններ չունեն, իսկ ապահովագրությունը դա բավականին ծախսատար գործառույթ է և կարող է արդյունավետ լինել, եթե Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսությունը ներդնի ապահովագրական համակարգ, ինչն էլ լինելու է բավական ծախսատար։ Այնպես որ դա այսօրվա խնդիր չէ…»:

19:29 Մայիս 23, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news