ԷկոԼուր
Արմավիրի մարզում հակակարկտային կայանքների թիվը կավելանա: Դեկտեմբերի 12-ի նիստում ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց 2013թ. հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N888-Ա որոշման մեջ, որով հակակարկտային կայանքների տեղադրման արժեքը զգալիորեն նվազել է` հնարավորություն տալով 50-ի փոխարեն ձեռք բերել 80 կայանք: Դրանցով լրացվելու են Արմավիրի մարզի առաջին պաշտպանական գոտու թույլ օղակները և ստեղծվելու է երկրորդ պաշտպանական գոտին:
Բացի այդ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում այլ մարմինների կողմից տեղադրված հակակարկտային կայանքները համապատասխանացվելու են Հայաստանում գործող և կիրառվող մթնոլորտային միասնական համակարգին` «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատանքային սկզբունքների համաձայն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիս ամսին կարկուտը մեծ վնաս պատճառեց Արմավիրի մարզի 46 համայնքների, տուժել է 12 800 ընտանիք, վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլար:
Դեկտեմբեր 13, 2013 at 13:53