Ոռոգման համակարգը Սեւանից հավելյալ ջրառի կարիքն ունի

Ոռոգման համակարգը Սեւանից հավելյալ ջրառի կարիքն ունի

ՏԿՆ ՋՏՊԿ Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես ոռոգման շրջանի մեկնարկին զուգահեռ ԶԼՄ-ներով, հանրային-հասարակական հարթակներում հաճախ են մտահոգություններ հնչում Արարատյան դաշտում ստորգետնյա ջրային պաշարների նվազման և դրանով պայմանավորված ոռոգման ջրի որոշակի դեֆիցիտի շուրջ, հաճախ նաև սխալ մեկնաբանություններ ու թյուր կարծիքներ ներկայացվում, ցավոք, նաև անհարկի  շահարկումների տեղիք տալիս, ինչն իր հերթին ավելորդ լարվածություն, հուսալքություն է առաջացնում ջրօգտագործողների մոտ:

Խուսափելու համար նման իրավիճակներից, ՏԿՆ ՋՏՊԿ Ջրային տնտեսության ԾԻԳ-ը հարկ է համարում` սթափ գնահատելով հանդերձ ստեղծված իրադրությունը, ներկայացնել նաև կատարվող քայլերն ու խնդրի լուծման ճանապարհները: Իսկ բոլոր այդ քայլերի նպատակն առաջնահերթ մեր երկրի շտեմարանը համարվող Արարատյան դաշտավայրում ոռոգվող հողատարածքների անխափան սպասարկումն է և ջրօգտագործողին բավարար չափով ջրի մատակարարումը:

 Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի ավազանում ջրի մակարդակի անկման հետևանքով դադարում են գործել ինքնաշատրվանող հորեր և աղբյուրներ՝ առաջացնելով դեֆիցիտ ոռոգման համակարգերում:

Իրավիճակը փրկելու և մշակվող հողատարածքները ոռոգման ջրով ապահովելու նպատակով  իրականացվել են մի շարք միջոցառումներ. խորքային հորերի վերականգնում, նոր հորերի հորատում, նախկինում առկա ինքնաշատրվանող հորերի կահավորում պոմպերով, նոր պոմպակայանների և ջրագծերի կառուցում, դիզելային շարժական պոմպերի ձեռքբերում և կիրառում, կառավարման խստացում և այլն:

Վերջին չորս տարիների ընթացքում նշված միջոցառումների  շրջանակում վերականգնվել է նախկինում շահագործումից դուրս եկած 38 խորքային հոր, պոմպային ագրեգատներով  նախկինում ինքնաշատրվանող 37 հոր է կահավորվել, հորատվել է 8 նոր խորքային հոր, կառուցվել է 2 պոմպակայան, կառուցվել է 21.7 կմ ջրագիծ, 7.2 կմ ջրանցք, վերանորոգվել և ավելացվել են 5 պոմպային կայանների հզորություններ: Իրականացված աշխատանքների արդյունքում ապահովվել է 52 համայնքների 4888 հա անջուր մնացող հողատարածքների այլընտրանքային ջրամատակարարումը:

Սակայն անգամ այս ծավալով իրականացված միջոցառումները ամբողջովին չեն լուծում ջրաղբյուրների՝ տարեցտարի սրվող դեֆիցիտը: Այդպիսի աղբյուրներից է  սկիզբ առնում և սնվում Սև ջուր գետը: Այն իր հերթին ջրաղբյուր է հանդիսանում ոռոգման ջրանցքների և պոմպային կայանների համար: Աղբյուրների ջրատվության կրճատման շարունակական դինամիկայի հետևանքով Սև ջուր գետի ջրատվությունը ևս խիստ կրճատվել է:

Արդյունքում ջրի սակավությունը զգալի դեֆիցիտ է ստեղծում ոռոգման համակարգերում: Դրանցից խոշորներն են` Արևշատի I աստիճանի, Ակնալճի, Մեծամորի և Զարթոնքի պոմպային կայանները:

Արևշատի I աստիճանի պոմպակայանը համարվում էր դոտացիոն, որի միջոցով Սև ջուր գետի ջուրը տեղափոխվում էր Ստորին Հրազդան ջրանցք՝ ապահովելով 23 համայնքների 5487 հա տարածքների ոռոգումը:

Ակնալճի պոմպային կայանը ապահովում է Ակնալճի Վերին և Ներքին ջրանցքների սպասարկման գոտու  5 համայնքների 965 հա տարածքների ոռոգումը:

Մեծամորի պոմպակայանը հեռացնող ջրանցքի միջոցով ապահովում է 3 համայնքների 675 հա հողատարածքների ոռոգումը:

Զարթոնքի պոմպակայանն ապահովում է 4 համայնքների 1067 հա հողատարածքների ջրապահովումը:

Ստեղծված իրավիճակում այսօր ընդհանուր առմամբ 33 համայնքների 8194 հա հողատարածքների ոռոգումը վտանգված է Սև ջուր գետի սակավաջրության պատճառով:

Ստորին Հրազդան ջրանցքում Ռանչպար I աստիճանի պոմպային կայանի առավելագույն հզորությամբ աշխատելու պայմաններում դեֆիցիտը մայիսի III տասնօրյակից մինչև օգոստոսի III տասնօրյակն ընկած ժամանակահատվածում կկազմի 22.4 մլն.խ.մ: Ակնալճի պոմպային կայանով պահանջարկը կապահովվի մասնակի` բավարարելով միայն Ակնալճի ներքին ջրանցքի ոռոգման ջրի պահանջարկը, ջրի դեֆիցիտը Վերին ջրանցքում կկազմի 10.6 մլն.խ.մ:

Մեծամորի պոմպային կայանի իշխման  տակ գտնվող տարածքների ոռոգման ջրի պահանջարկը մասնակիորեն կապահովվի Արմավիրի մայր ջրանցքից վերջին վերանորոգումների արդյունքում հնարավոր դարձած դոտացիայի միջոցով: Զարթոնքի պոմպային կայանի ջրի դեֆիցիտը ծածկելու համար կպահանջվի 6 մլն.խ.մ ոռոգման ջուր:

Սև ջուր գետի ջրասակավության պատճառով ոռոգման համակարգում առաջացած ընդհանուր առմամբ 39 մլն.խ.մ դեֆիցիտը հնարավոր է ծածկել Սևանա լճից լրացուցիչ ջրառի հաշվին` անհրաժեշտ ջրի ծավալները տեղափոխելով Արզնի-Շամիրամ և Ստորին Հրազդան ջրանցքներով: Նշված ծավալները համակարգի պահանջվող հատվածներում ապահովելու համար` հաշվի առնելով ոռոգման և էներգետիկ համակարգերում տեղի ունեցող կորուստները, անհրաժեշտ կլինի Սևանա լճից լրացուցիչ բացթողնել 72.2 մլն.խ.մ ջուր: Այս պատճառով լճից բացթողնվող առավելագույն տարեկան ջրաքանակ է առաջարկվել  240 մլն.խ.մ-ն:

Ներկայումս Սև ջուր գետի ավազանի ջրային պաշարներն ունեն նվազման դինամիկա: Գետի ջրատվության վերականգնման կամ բարելավման դեպքում բացթողումները Սևանից չեն իրականացվի առավելագույն չափաքանակներով:

13:53 Ապրիլ 17, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news