ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը բացասական եզրակացություն է տվել «Մեգո Գոլդ» ՍՊԸ կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու /կենտրոնական տեղամաս/ հանքավայրի փոփոխված աշխատանքային նախագծին:
Բացասական եզրակացության համար ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննական հիմնավորումները հետեւյալն են.
« - ճշգրտված իրադրության քարտեզի բացակայության պատճառով հնարավոր չէ պարզել բացահանքի և լցակույտային տնտեսության հեռավորությունը Հանքավանի ջրաբանական արգելավայրից և հնարավոր ազդեցությունը նրա վրա
- հանքավայրի ողջ տարածքի հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմանների ոչ լիարժեք ուսումնասիրության արդյունքում բացակայում է տեղեկատվություն ստորերկրյա ջրերի և աղբյուրների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում ստորերկրյա ջրերի ռեսուրսների պահպանությանն ուղղված միջոցառումները` պայթեցման և թաց հորատման աշխատանքներն իրականացնելիս: Բացի այդ, հանքավայրի առաջին փուլի շահագործման արդյունքում նախատեսվում է հանքավայրի կենտրոնով հոսող Գետիկ գետի հունի փոփոխություն, սակայն ներկայացված նյութերում բացակայում է դրա հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները, ազդեցության կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումները
- նախագծային փաստաթղթերում բացակայում է մինչ օրս ընկերության կողմից իրականացրած աշխատանքների և նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր դրական և բացասական ազդեցությունների առկայության ամբողջականությունը, ինչպես նաև դրանց փոխներգործությունը: Բացի այդ, համաձայն ներկայացված նախագծի «Բնապահպանական» մասի 9.1 կետի, շահագործման աշխատանքների ավարտից հետո ռեկուլտիվացիայի է ենթակա, նորից միայն նախատեսվող գործունեության արդյունքում խախտված տարածքները` բացահանք – 4.39 հա, լցակույտ – 4.34 հա, բացահանքը սպասարկող ճանապարհ – 4.4 հա, ներկայացվել է դրանց ռեկուլտիվացիայի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը` առանց հիմնավորումների: Սակայն, ըստ գծագրական նյութերի, լցակույտային տնտեսության տակ պետք է օտարվի ավելի մեծ մակերեսով հողատարածք, քան ներկայացված է նախագծային փաստաթղթերում: Այս դեպքում ևս չկա տվյալ տարածքի վրա ընկերության գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության լիարժեք և բավարար պատկեր եզրահանգումներ կատարելու համար
- համաձայն ներկայացված «Երկրաբանական, լեռնային, լեռնատեխնիկական, աշխատանքի պաշտպանության» մասի 3.7 կետի` փխրուն ապարների ծավալը առաջին փուլի բացահանքի եզրագծում կազմում է հողաբուսական շերտ` 109.82.0խմ, մնացած ապարներինը` 1328913.0խմ, իսկ ժայռայի մակաբացման ապարների ծավալը` 1897672.0խմ, որը չի համապատասխանում ներկայացված «Բնապահպանական» մասի` աղյուսակ 3.2-ում ներկայացված տվյալներին, բացակայում է հողաբուսական շերտի ծավալները և դրա պահպանման ու օգտագործման կարգը` համաձայն ՀՀ կառավարության 08.09.2011թ. թիվ 1396-Ն որոշման պահանջների
- փոփոխված նախագծի առաջին փուլի բացահանքը ներառում է հանքաքարի հաստատված պաշարների ընդամենը 4.8 տոկոսը, գործընթացի լիարժեքության համար անհրաժեշտ է ներկայացնել հանքավայրի համալիր նախագծային փաստաթղթերը` ներառելով հանքավայրի մնացած 95.2 տոկոս պաշարները, իսկ երկրորդ փուլի նախագծային աշխատանքները կատարել խոշորացված նախագիծ փուլով
- հանքավայրը չունի սահմանային թույլատրելի արտանետումների /ՍԹԱ/ նորմերի չափաքանակներ/թույլտվություններ, իսկ ընկերության գործունեության ընթացքում գոյացող թափոնները չեն հաշվառվել, անձնագրավորվել, նորմավորվել, ինչպես նաև լիարժեք չեն իրականացվել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ և 17-րդ կետերի պահանջները
- համաձայն նախագծային փաստաթղթերում ամրագրված տեխնիկական առաջադրանքի` բացահանքի առաջին փուլի արդյունահանման արտադրողականությունը ներկայացվել է 2010թ-ից սկսած, սկզբում այն կազմելու էր 120.0 հազար տոննա, 2011թ-ին` 150.0 հազար տոննա, իսկ 2014 թ-ին այն հասնելու է 180.0 հազար տոննայի, այնուհետև 2015թ-ին բացահանքի առաջին փուլի շահագործման արտադրողականությունը նախատեսվում է դարձնել 300.0 հազար տոննա, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մաս»-ն հանքավայրի շահագործման ընդլայնվող նախագծին համապատասխան: Սակայն փոփոխված նախագծային փաստաթղթերի լրամշակման արդյունքում էլ պարզ չէ թե առայսօր ինչ փոփոխություններ է կատարվել հանքավայրում և որ օրվա դրությամբ են ներառվել պաշարների քանակը: Բացի այդ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 18.11.2014 թիվ 01/29.3/5190-14 գրությամբ տեղեկացվում է, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն չի ապահովել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ՕՀՊ գործակալության` 2009 թ. հոկտեմբերի 30-ի թիվ 234 որոշման 3-րդ կետով սահմանված հանքավայրի պաշարների թերուսումնասիրված խնդիրների լուծման նպատակով լրացուցիչ հետախուզական աշխատանքների կատարման պահանջը, ինչի հետևանքով հանքավայրի պաշարների վերահաստատումը չի հաշվառվել Հանրապետական հաշվեկշռում
- արդյունահանված հանքաքարը նախատեսվում է մշակել ընկերությանը պատկանող` առավելագույն 100.0 հազար տոննա տարի հզորությամբ ֆաբրիկայում, որի արտադրողականությունը չի համապատասխանում ներկայացված հանքավայրի նախագծային հզորություններին և չունի դրական փորձաքննական եզրակացություն
- անհրաժեշտ է ներկայացնել ընկերության կողմից տարածքում իրականացվող գործունեության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գումարային և ամբողջական գնահատումը
- աշխատանքային նախագծում նշված չէ, թե պաշարների քանակը որ օրվա դրությամբ են և դրանք ըստ առանձին հանքամարմինների չեն նշված, ինչն ամրագրվել է նաև աշխատանքային նախագծին տրված մասնագիտական եզրակացության մեջ: Այս թերությունը հնարավորություն չի ընձեռել լիարժեք ապահովել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի 4-րդ ենթակետի պահանջի լիարժեք իրականացումը,
- աշխատանքային նախագծով ներկայացված չեն այլընտրանքային լուծումներ, որի հետևանքով հնարավոր չի եղել ապահովել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի պահանջի լիարժեք իրականացումը»:
Նշենք, որ սույն թվականի հունիսի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին, որին նույն նախարարությունը դեռևս 2013թ-ին մերժել էր:
Դեկտեմբեր 15, 2014 at 18:29