ԷկոԼուր
Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակը տարածել է պարզաբանում Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի վերաբերյալ: Պարզաբանման մեջ ասված է.
«Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի սոցիալական ու տնտեսական արդյունավետությունն ակնհայտ են
Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմամբ նախատեսվում է ինքնահոս ջրով ապահովել Արարատի մարզի 12 համայնքների /Քաղցրաշեն, Նարեկ, Գետազատ, Դեղձուտ, Այգեստան, Նորաշեն, Բերդիկ, Ն. Դվին, Վ. Դվին, Հնաբերդ, Վարդաշեն, Մրգանուշ/: Այս համակարգի սպասարկման տարածքում ոռոգվող հողերի ներուժը 854-հա-ից կհասնի 1232-ի` ոռոգելի դարձնելով ևս 378հա:
Քաղցրաշենի գործող մեխանիկական ոռոգման համակարգը ջուրը ստանում է Արտաշատի ջրանցքից, որը սնվում է Հրազդան գետից և Ազատի ջրամբարից: Պոմպակայանը ջուրը մղում է 180 մ բարձրության վրա: Արարատի մարզում 12 համայնքների շուրջ 1000 հա հողը ոռոգելու համար տարեկան ծախսվում է շուրջ 12 մլն կվտ էլեկտրաէներգիա, որի ծախսը կազմում է մոտ կես միլիարդ դրամ:
Իսկ նոր ծրագրով նախատեսվում է Ազատի ջրամբարից մոտ 9 կմ վերեւ, Ազատ գետի վրա, կառուցել ջրընդունիչ կառույց եւ մոտեցնող խողովակաշար, որով ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակը կուղղվի Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազան` գործող մեխանիկականի փոխարեն ինքնահոս ոռոգման ջուր հասցնելով հողագործներին: Համաձայն նախագծային տվյալների, խողովակաշարի ընդհանուր երկարությունը կհասնի 27, 8 կմ:
Հարկ է նշել, որ վերոհիշյալ 12 համայնքները, որոնք գտնվում են «Արտաշատ» ՋՕԸ սպասարկման ներքո, Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումից և շահագործումից հետո, ինչը, սակայն չի նշանակում, թե ջրամբարն անգործության կմատնվի:
Ինքնահոս ոռոգման տնտեսական արդյունավետությունն, ի տարբերություն ջրամբարից մեխանիկական եղանակով մղվող ջրի, անհամեմատ բարձր է: Քաղցրաշենի համակարգի շահագործման արդյունքում տարեկան հնարավոր կլինի տնտեսել շուրջ 436.5 միլիոն դրամ էլեկտրաէներգիայի վարձավճար և շուրջ 24 միլիոն դրամ պոմպակայանի շահագործման ծախս:
Նախագծային տվյալներով ջրառը նախատեսվում է իրականացնել ապրիլից մինչև հոկտեմբեր: Ըստ ամիսների պահանջվող ջրաքանակները (75% ապահովության տարվա համար) ներկայացված են Աղյուսակ 2-ում.
Աղյուսակ 2.
հ/հ |
Ամիս |
Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ոռոգման պահանջարկը, մ3/վ |
1 |
Ապրիլ |
0.42 |
2 |
Մայիս |
0.63 |
3 |
Հունիս |
0.86 |
4 |
Հուլիս |
0.93 |
5 |
Օգոստոս |
0.75 |
6 |
Սեպտեմբեր |
0.51 |
7 |
Հոկտեմբեր |
0.23 |
Լրատվամիջոցները ներկայացնում են նաև, այսպես կոչված, ծրագրի «խոցելիության» պատճառները, որոնց վերաբերյալ պարզաբանումները ներկայացնում ենք ստորև` ըստ համապատասխան հերթականության.
1. Նախագծում ջրատնտեսական հաշվարկները կատարված են Ազատ գետի հիդրոլոգիական դիտակետի տվյալների հիման վրա: Այս հարցում ենթադրությունների և կանխատեսումների փոխարեն առավել ընդունելի են մասնագիտական նեղ շրջանակների, ներառյալ անկախ փորձագետների, մասնակցությամբ քննարկումների արդյունքները, ինչը բազմիցս կատարվել է «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ում: Առկա հիդրոլոգիական բազմամյա դիտարկումների տվյալներով նախագծում նախատեսվող ջրաքանակները հնարավոր է ապահովել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման համար` միաժամանակ ապահովելով նաև բնապահպանական թողքը:
2. Բնապահպանական թողքի հսկման մեխանիզմների և դրանց կիրառման վերահսկողությունը պետք է իրագործվի Բնապահպանական պետական տեսչության կողմից: Կարծում ենք, շահագրգիռ կազմակերպությունները և համայնքի բնակիչները նույնպես կարող են նպաստել այդ մեխանիզմների իրագործմանը` իրենց լիազորությունների շրջանակներում:
3. Ազատի կիրճում կան հողօգտագործողներ, որոնց մի մասը ոռոգման ջուրը վերցնում է Ազատ գետից և իրավացիորեն կարող է ունենալ մտահոգություն` գետում ջրաքանակի նվազեցման արդյունքում իրենց ոռոգման ջրի կրճատման հարցում: Այս ռիսկը մեղմելու նպատակով տվյալ հողօգտագործողներին առաջարկվելու է այլընտրանքային տարբերակ` նրանց համար խողովակաշարի տարբեր տեղամասերում ջրթող փականների տեղադրման միջոցով:
4. Պնդումը, թե «Ազատի կիրճը բնական հուշարձան է», այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանները ունեն հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ և դրանց ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2008թ-ի N 967-Ն որոշմամբ: Այդ ցանկում ներառված է ոչ թե Ազատի կիրճը, այլ կիրճում գտնվող «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանը: Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի գլխամասը տեղակայված է «Բազալտե երգեհոնից» (առավել հայտնի՝ «Քարերի սիմֆոնիա») տարածքից 1.3 կմ դեպի վար` գետի հոսանքով: Ներկայումս դեռևս չկա այս հուշարձանի հաստատված անձնագիրը, բայց նույնիսկ դրա առկայության և հուշարձանի պահպանման գոտու սահմանների հստակեցման պարագայում 1.3 կմ-ը բավականաչափ հեռավորություն է` պնդելու համար, որ նախագծի իրականացումը բնության այս հուշարձանի վրա ազդեցություն չի ունենա: Նույնը` Խոսրովի անտառի պարագայում:
5. Հարկ ենք համարում վստահեցնել, որ մեր մասնագիտական և դաշտային ուսումնասիրությունների, ինչպես նաև առկա գրականության տվյալների նույնականացման միջոցով պարզել ենք, որ ծրագրով էնդեմիկ ծառատեսակների հատում չի նախատեսվում: Խողովակաշարի որոշ տեղամասերում միգուցե անհրաժեշտություն առաջանա հատելու ուռենու, մասրենու և պտղատու ծառերի մի քանի առանձնյակներ: Ազատ գետի էկոհամակարգի պահպանությունը կարևոր սկզբունք է և կմնա այդպիսին ծրագրի իրականացման բոլոր փուլերում, իսկ գետը որպես բնակմիջավայր չի վտանգվի, քանի որ պահպանվելու է բնապահպանական թողքը, ինչը գետի կենսաբազմազանության, այդ թվում նաև Կարմրախայտ (Salmo trutta fario) ձկնատեսակի պահպանության կարևոր երաշխիք է:
Տեղեկացնենք նաև, որ Քաղցրաշենի նախագիծն անցել է ՀՀ օրենսդրությամբ և ՀԲ-ի ուղեցույցներով սահմանված բոլոր ընթացակարգերով: Նախագծի շուրջ օրենքով սահմանված կարգով կազմակերպվել են հանրային լսումներ Գառնի համայնքում, ինչպես նաև Արարատի մարզպետարանում` տասներկու համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բացի դրանից, նախագիծը «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին ՀՀ օրենքի համաձայն, ենթակա էր բնապահպանական փորձաքննության, ինչը ևս իրականացվել է պատշաճ կարգով` պահանջվող բոլոր փուլերով: Փորձաքննության փուլերում նույնպես կազմակերպվել են հանրային լսումներ, որոնց ընթացքում եղել են նաև իրարամերժ կարծիքներ, տարբեր դիրքորոշումներ, բայց այնուամենայնիվ, մինչ օրս հիմնավորված որևէ փաստ կամ հիմնավորված լուրջ խնդիր նախագծի վերաբերյալ չենք ստացել: Այդ բոլոր քննարկումների, լսումների արդյունքներն` արձանագրված, նախագծի հետ միասին ներկայացվել են բնապահպանական փորձաքննության և անհրաժեշտ փուլերով քննարկման արդյունքում փաստաթուղթը ստացել է դրական բնապահպանական փորձագիտական եզրակացություն: Իդեպ, բացի պահանջվող հանրային լսումները, նախագիծը փետրվարի 18-ին ևս մեկ անգամ Գառնու գյուղապետի խնդրանքով լրացուցիչ ներկայացվել է համայնքին:
Լրատվամիջոցներին առաջարկում ենք նախագծի հետ կապված ցանկացած հարցով դիմել մեր գրասենյակին. պատրաստակամ ենք հարցերը մասնագիտական դաշտում լրացուցիչ քննարկել, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն»:
Մեր կողմից նշենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում` «1.12 Սպասվող ազդեցությունները և դրանց նվազեցումը» բաժնում (էջ 11), մասնավորապես նշվում է ծրագրի ազդեցությունը Ազատ գետի վրա.. «Տարվա չոր և շոգ եղանակին մնացորդային հոսքի նվազում»: Այս ռիսկի նվազեցման համար առաջարկվում է հետեւյալ միջոցառումը. «Ջրառի վերահսկողության խստացում»: Միջոցառումը չի համապատասխանում վերը նշված ռիսկի էությանը եւ վտանգավորության աստիճանին: Այս ռիսկը շատ արդիական է Ազատ գետի համար, որը եզրագծում է Խոսրովի անտառ պետական արգելոցը, Գառնի կիրճի եւ Բազալտե երգեհեոն բնության հուշարձանի էկոհամակարգի եւ լանդշաֆտի ձեւավորման գլխավոր գործոնն է: Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը փորձաքննական եզրակացության մեջ հստակ պահանջ է դնում. «Գառնիի կիրճի գրավչությունը պահպանելու եւ զբոսաշրջությանը չխոչընդոտելու, ինչպես նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի էկոհամակարգը եւ բնականոն զարգացումը չվնասելու համար /քանի որ ջրառը նախագծված է պահպանման գոտում/ որպես կարեւորագույն եւ առանձնահատուկ պայման, անհրաժեշտ է Ազատ գետում ապահովել բնապահպանական ելքի 850լ/վրկ սահմանված չափաքանակը` անկախ գետի ջրատվությունից եւ ոռոգման ջրատվությունից»:
Բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ նշված է. «Ծրագիրն իրականացնելուց հետո Ազատի ջրամբարի ծավալը կստեղծվի ոռոգման սեզոնի մնացորդային ելքերի եւ ոչ ոռոգման սեզոնի ելքերի հաշվին /համաձայն հիդրոլոգիական դիտարկումների սակավաջուր` 75% ապահովվածության տարվա կտրվածքով ջրամբարում կհավաքվի 64 միլիոն մ3 ծավալ»: Նշենք, որ 2014թ-ին Ազատի ջրամբարը լցվել է 46.2 միլիոն խմ:
Փետրվար 25, 2015 at 14:21