Գյումրիում 1 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի կրկնակին

Գյումրիում 1 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի կրկնակին

ԷկոԼուր

Հուլիսի 13-ին մեկ ժամվա ընթացքում  Գյումրիում տեղումների քանակը կազմել է 81մմ, ինչը ամսական նորմայի կրկնակին է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Խիստ հորդառատ անձրևի ու երկարատև կարկուտի պատճառով Գյումրիում առաջացել են մեծ հեղեղումներ, որոշ հատվածներում սելավաջրերը ծածկել են ավտոմեքենաները և լցվել բնակելի շինությունները։

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ինտենսիվ անձրևի և կարկտի առաջացման վերաբերյալ մասնավորապես տեղեկացրել է. «Վերջին 5 օրերին, պայմանավորված Սև ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցությամբ, հանրապետության տարբեր հատվածներում դիտվել են հորդառատ անձրևներ, ուղեկցվելով ամպրոպներով և քամու ուժգնացմամբ, առանձին հատվածներում նաև տեղացել է կարկուտ։

Հուլիսի 13-ի ցերեկը, ժամը 16։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիում դիտվեց աննախադեպ երևույթ, երբ մեկ ժամվա ընթացքում տեղաց խիստ հորդառատ անձրև և երկարատև կարկուտ։ Տեղումների քանակը մեկ ժամվա ընթացքում կազմեց 81 մմ, որը ամսական նորմայի կրկնակին է։
Դիտված ինտենսիվ անձրևի և կարկտի առաջացման պատճառը հետևյալն է․

Հուլիսի 13-ին ՀՀ տարածքը գտնվել է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որի ամպամածության գոտին տեսանելի է արբանյակային լուսանկարի վրա։ Ցերեկը ժամը 15։00 դրությամբ ՀՀ-ից դեպի արևմուտք նկատվել է հզոր կույտաանձրևային ամպերի զարգացում։

Օդերևութաբանական ռադարի վրա ցերեկը ժամը 15։00 տվյալներով նկատվում են հզոր ամպրոպային ամպեր, որոնք գտնվում են Շիրակից հարավ և հարավ-արևմուտք։ Այդ ամպերի ուղղաձիգ հզորությունը հասնում է 12-14 կմ-ի և ունեն 50դբզ անդրադարձման մակարդակ, ինչը ցույց է տալիս, որ այդ գոյացությունները գերհզոր կարկտի և անձրևի կուտակումներ են։

Քանի որ 5000-7000 մ բարձրությունների վրա, որտեղ գտնվում են այդ ամպերի հիմնական զանգվածները, առկա են եղել հարավային և հարավ-արևմտյան հոսանքներ, դրանք ժամը 16։00-ի սահմաններում հասել են Շիրակ, իսկ ամենաակտիվ գոտում հայտնվել է Գյումրին, որտեղ թափվել է աննախադեպ քանակի անձրև և կարկուտ»։

Լուսանկարները՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի կայքից

17:17 Հուլիս 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news