Վերագործարկվող 112 խորքային հորերն Արարատյան արտեզյան ավազանի հետ կապ չունեն

Վերագործարկվող 112 խորքային հորերն Արարատյան արտեզյան ավազանի հետ կապ չունեն

ԷկոԼուր

Արմավիրի մարզում մեկնարկել են 112 խորքային հորերի վերգործարկման աշխատանքները, 80 խորքային հոր արդեն գործում է, մյուսների վերագործարկման աշխատանքները կավարտվեն մի քանի օրից:

Հիշեցնենք, որ ՀՀ  կառավարությունը 550 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին 112 խորքային հորերի վերագործարկման համար: Վերագործարկվող հորերից 70-ը գտնվում են Արմավիրի մարզի Արմավիր եւ Բաղրամյան շրջաններում գործող  «Մերձափնյա», «Արաքս», «Արմավիր», «Շենիկ» ջրօգտագործման ընկերությունների (ՋՕԸ) սպասարկման տարածքում, իսկ 42-ը` գյուղապետարանների:

Ըստ  վերոնշյալ ՋՕԸ-երի տնօրենների` խորքային հորերի վերագործարկումն անհարժեշտություն էր այս տարվա սակավաջրության պայմաններում: ԷկոLուրի հարցին, թե արդյոք չեն օգտվում Սեւանա լճի ջրից, որից այս տարի հավելյալ ջրառ իրականացվեց, բոլոր 4 ՋՕԸ-երի պատասխանատուները նշեցին, որ իրենք չեն օգտվում Սեւանի ջրից: Վերագործարկվող հորերը մատակարարելու են 44 միլիոն խմ ջուր` մեղմելու Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի ջրաղբյուրներում ընթացիկ տարում ստեղծված շուրջ 74 միլիոն խմ ջրի դեֆիցիտը: 

Ինչպես ԷկոԼուրին տեղեկացրեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի գլխավոր մասնագետ Մարզպետ Տոնոյանը, այդ խորքային հորերը Արարատյան արտեզյան ավազանի հետ կապ չունեն: «Ավազանը` ջրերը, կապված են: Մենք այնտեղ ունենք տակի կավի շերտ եւ վերեւի բազալտի շերտ, որպեսզի մենք ճնշում ունենանք, ճնշումային ավազան ունենանք, պետք է ջուրը լինի այդ երկուսի արանքում, որ վերեւից էլ սեղմած լինի, ներքեւից էլ սեղմած լինի, որ ճնշում գոյանա, որ հետո վերեւից երբ հորատում են, այդ ճնշումն ազատվում է եւ դուրս է գալիս հորատանցքերով դեպի վերեւ: Սա կոչվում է արտեզյան հոր: Այստեղ մենք նման բան չունենք: Մենք չունենք ներքեւի կավի հորիզոնը, չունենք վերեւի բազալտի հորիզոնը, մենք այստեղ մինչեւ 50-60 մետրի վրա ունենք ջրատար շերտ: Խորքային հորերը փորում են դրա մեջ, նասոս են իջեցնում եւ ջուրը հանում: Արարատյան արտեզյան ավազանը վերջանում է Էջմիածնից մի քիչ այս կողմ: Սա չի կարող ազդեցություն ունենալ այդ բասեինի վրա, որովհետեւ կապ չունի նրա հետ»,- ասաց Մարզպետ Տոնոյանը:

Տեղի համայնքներից Սարդարապատի, Մյասնիկյանի, Մրգաշենի բնակիչները նշեցին, որ իրենք վճարները ժամանակին կատարում են, բայց, միևնույն է, ջուրը չի հերիքում: Նրանց խոսքով՝ առանց լրացուցիչ հորերի իրենք կկորցնեն իրենց՝ տարիներ շարունակ մշակած հողատարածքները:

Մանրամասները` տեսանյութում:



13:01 Հուլիս 15, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news