Ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործման ծավալը նվազեցվում է 1/3 չափով

Ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործման ծավալը նվազեցվում է 1/3 չափով

 ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը ապրիլի 3-ի նիստում ընդունեց «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը» որոշումը: Այսուհետ, արգելվում է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը, իսկ ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայմանը ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3 չափի հասցնելն է: Ջրօգտագործողներից պահանջվում է ներդնել ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաև ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդի սարքավորումներ:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի և կգնահատի մինչև 2014թ. ապրիլի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը և կգործի մինչև 2014թ. օգոստոսի 1-ը:

Գործադիրի  առաջարկությամբ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն ՀՀ ջրային օրենսգրքում, «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» և ևս երկու օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի մակերևութային և ստորերկրյա ջրերի առանձնահատկությունների հստակեցմանը, մասնավորապես՝ կապված ջրային հաշվեկշռի, ջրային պաշարի մոնիտորինգի, ջրի պաշարի պետական կադաստրի, ջրօգտագործման հուսալիության երաշխիքի հետ: Օրենքների նախագծերը կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

16:49 Ապրիլ 03, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news