ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն «Դիլիջան» ազգային պարկ կատարած այցի ժամանակ մտահոգություն է հայտնել անօրինական ծառահատումների դեպքերի առնչությամբ: «Մենք փակում ենք անտառը և դրա համար ամեն ջանք պետք է գործադրենք: Ով պատրաստ չէ այս հանձնարարականը կատարելու՝ հենց հիմա թող հրաժարական տա և դուրս գա:
Պատասխանատվություն կրելու են բոլորը՝ անտառապահներից, տեսուչներից մինչև փոխտնօրեն և տնօրեն: Առաջին կարևոր խնդիրը սա է: Երկորդը. որևէ ընդվզում՝ ներքևից կլինի, միջին օղակում , թե ամենավերևում, չեմ ընդունելու և չեմ հանդուրժելու, որովհետև մենք խնդիր ենք դրել «Դիլիջան» ազգային պարկ»-ը 2017 թվականին կտրուկ որակական փոփոխության ենթարկելու՝ սկսած ֆինանսավորումից մինչև կոնկրետ ծրագրերի իրականացում »,- ասել է նախարարը:
Աշխատանքների արդյունավետության բարձրացման համար և ապօրինի ծառահատումների դեպքերը բացառելու նպատակով նշվել են կանխարգելիչ միջոցառումները, տեխնոլոգիական լուծումների ներդնումը: Անտառապահները կարևորել են ստուգման կետերի առկայությունը, որոնք շատ արդյունավետ են, ինչպես նաև տեսչական բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան անցնել աշխատաժամային նոր ռեժիմի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը:
Հունվար 19, 2017 at 16:05