ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը սույն թվականի հունվարի 19-ին ստորագրել է «2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին» հրամանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հրամանով սահմանվել է.
«Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) 2018 թվականի ընթացքում սահմանել արդյունագործական որսի հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները.
1) Կարաս` ջրային բոլոր տարածքներում անսահմանափակ,
2) խեցգետին` Սևանա լճում մինչև 500 տոննա,
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չսահմանված կենդանատեսակների կամ տարածքների դեպքում արդյունագործական որսն իրականացնել բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:
1. Սահմանել, որ`
1) ձկան և խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր),
2) խեցգետնի ձվադրման և բազմացման ժամանակահատվածում Սևանա լճում խեցգետնի որսը ժամանակավորապես դադարեցվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին`
1) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակները և 2-րդ կետով նախատեսված բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:
2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում` ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2018 թվականի նոյեմբերի 20-ը,
3) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի` կենդանական պաշար օգտագործողը պարտավորվում է սույն հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամանակահատվածում դադարեցնել Սևանա լճում խեցգետնի որսը,
4) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի` կենդանական պաշարների օգտագործման պայմանագրով նախատեսված կենդանատեսակների քանակության 10-12 %-ի չափով վճարվում է բնօգտագործման վճար` տվյալ ջրային տարածքում հնարավոր այլ ձկնատեսակներ որսալու համար:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առաջարկել`
1) սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով սահմանված տարածքներում,
2) ուժեղացնել վերահսկողությունն իշխան, սիգ և կողակ ձկնատեսակների ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ»:
Փետրվար 02, 2018 at 17:54