Առգրավվել է 252 հատ «սիգ» տեսակի ձուկ

Առգրավվել է 252 հատ «սիգ» տեսակի ձուկ

ԷկոԼուր

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկաներում հայտնաբերել են թվով 252 հատ «սիգ» տեսակի ձուկ, որը սահմանված կարգով առգրավվել և համապատասխան բժշկական զննության ենթարկելուց հետո հանձնվել է «Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ։

Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ուժեղացված ռեժիմով շրջայցեր է իրականացնում Երևանի նաև այլ վարչական շրջաններում, ինչպես նաև մարզերում:

«Ձկան վաճառքը հետևանք է իրականացված որսի, ուստի որքան էլ Տեսչական մարմինը պայքարի հետևանքի դեմ, դա խնդրի բավարար լուծում չի կարող հանդիսանալ, հատկապես, որ այս դեպքում Տեսչական մարմինն առնչվում է սոցիալական մինիմալ խնդիրներ լուծող վերավաճառողների հետ», - նշված է Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Ոստիկանությունը, Բնապահպանության նախարարությունը և Գեղարքունիքի մարզպետարանը, համաձայն համատեղ գործողությունների ծրագրի, դեկտեմբերի 20-ից մինչը հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կիրականացնեն ուժեղացված ռեժիմով հսկողություն՝ Սևանա լճում ապօրինի որսը կանխարգելելու համար։

13:05 Դեկտեմբեր 20, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news