Արարատյան դաշտում 3 ամսում ավելի շատ ջուր են խնայել, քան նախորդ մեկ տարում

Արարատյան դաշտում 3 ամսում ավելի շատ ջուր են խնայել, քան նախորդ մեկ տարում

ԷկոԼուր

Սույն թվականի հուլիսի 16-ից մինչ օրս ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները Արարատյան դաշտում մշտադիտարկել են ավելի քան 200 խորքային հոր, որոնցից փականային ռեժիմի է բերվել, լուծարվել 107 խորքային հոր: Արդյունքում խնայվել է 11 հազար 330լ/վրկ ջուր, որը տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 360 միլիոն խմ քաղցրահամ ջուր: Այս մասին հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

Համեմատելով եռամյսա աշխատանքները նախկին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հետ՝ Խաչիկ Հակոբյանն ասաց. «Նախկին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում խնայողություն է իրականացվել շուրջ 43 հորի նկատմամբ, 20 լուծարում և 23 կոնսերվացում: Արդյունքում խնայվել է 243 լ/վրկ ջուր,  իսկ եռամսյակային թիվը՝ 11 հազար 330լ/վրկ ջուր»:

Ըստ Խաչիկ Հակոբյանի` 107 խորքային հորերից միայն 63-ը ձկնաբուծական տնտեսություններինն են:

«Ողջ աշխատանքների իրագործման ընթացքում մենք լուրջ բախում ենք ունեցել տնտեսական շահի հետ: Մենք աշխատել ենք համագործակցված ոստիկանության, դատախազության, Ազգային անվտանգության ծառայության հետ»,- ասաց փոխնախարարը: Նրա խոսքերով` ապօրինի ջուր օգտագործելու համար տնտեսվարողները ենթարկվել են 6.4 միլիոն դրամի տույժերի և տուգանքների:

Անդրադառնալով ավտոմատ կառավարման համակարգին՝ Խաչիկ Հակոբյանը ասաց, որ ներկայումս նախարարությունը միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքեր է տանում մեկ տնտեսությունում պիլոտային ծրագիր մեկնարկելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա վայրկյանի ճշտությամբ ջրառի բոլոր կետերում իրականացնել ջրի վերահսկողություն, և նախարարությունում մեկ համակարգչի վրա հնարավոր է տեսնել ողջ ավազանի պատկերը:

Ծրագրի իրականացման համար առաջիկայում թիրախում վերցրվել են ձկնաբուծական տնտեսությունները, սակայն ծրագրի հաջող մեկնարկի պարագայում նույնը նաև կհաջորդի ջրառ իրականացնող բոլոր կազմակերպություններում:

«Արարատյան ջրհավաք ավազանում հայտարարվել է սակավաջրություն՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով և երաշտով, որը մեզ հնարավորություն կտա առանձին տնտեսություններում առանձին տնտեսվարողների մոտ խնայողությունը հասցնել մինչև 60-65 տոկոսի, այսինքն, շուրջ երկու երրորդով ընդհանուր ջրօգտագործումը կրճատել», - ասաց Խաչիկ Հակոբյանը:

Փոխնախարարը նաև նշեց, որ կառավարության կողմից հատկացված միջոցների շնորհիվ ընդլայնվել է ջրավազանների մշտադիտարկման ցանցը և շուրջ 80 տոկոսով ավելացել է դիտացանցերի քանակը: Նաև կառավարությունը Արարատյան ջրհավաք ավազանի կառավարման պլանի համար հատկացրել է 71 միլիոն դրամ 2014-2015 թթ ընթացքում իրագործելու համար: Փոխնախարարի խոսքով՝ մինչև 2015 թ սեպտեմբեր ամիսը մենք կունենաք Արարատյան դաշտի համապարփակ կառավարման պլան:

Մանրամասները՝ տեսանյութում:



16:38 Հոկտեմբեր 27, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news