Տավուշի մարզում 3 անգամ նվազել է փայտ տեղափոխող մեքենաների քանակը

Տավուշի մարզում 3 անգամ նվազել է փայտ տեղափոխող մեքենաների քանակը

ԷկոԼուր

Վերջին 10 օրվա ընթացքում Տավուշի մարզում 3 անգամ նվազել է փայտ տեղափոխող մեքենաների քանակը: Այս մասին հայտնել է Տավուշի մարզային վարչության ոստիկանապետ Արմեն Գասպարյանը օգոստոսի 1-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են վերջին շրջանում Իջևանում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորինս կկանխեն փայտի անօրինական հատումը և իրացումը: Առաջարկվել է հնարավորինս բացառել քաղաքացի-անտառ շփումը:

«ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը նշել է, որ փայտի մթերումը և իրացումը այս պահին կատարում է «ՀայԱնտառը»: Այս մասին հայտնում են ՀՀ Տավուշի մարզպետարանից:

Նշենք, որ  Անտառային կոմիտեի համաձայն՝ դեռևս 2019 թ. հունվարի 15-ին  Անտառային կոմիտեի կողմից հաստատվել է 2019 թ. խնամքի և սանիտարական հատումների չափաքանակը՝ 17 500 խմ ծավալով, որը տարվա ընթացքում լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում կարող է նաև աճել։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի էր ունեցել բախում ցուցարարների և ոստիկանների միջև: Տավուշի բնակիչները փակել էին Երևան-Իջևան միջպետական ճանապարհը՝ բողոքելով անօրինական անտառահատումների խստացման ռեժիմի դեմ:

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

18:59 Օգոստոս 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news