Տեղի ունեցավ 6-րդ ամենամյա «Կապարից թունավորման կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ»-ը

Տեղի ունեցավ 6-րդ ամենամյա «Կապարից թունավորման կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ»-ը

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

2018 թ-ի հոկտեմբերի 21-ից 27-ը տեղի ունեցավ 6-րդ ամենամյա «Կապարից թունավորման կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ»-ը:

Այս միջոցառումների նպատակն է կառավարությունների առջև խնդիր դնել` դադարեցնել կապար պարունակող ներկերի արտադրությունը և օգտագործումը, որը զգալիորեն կնպաստի երեխաների առողջության վրա այս թունունակ մետաղի ազդեցության նվազեցմանը:

Վերջերս «ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանց»-ի (IPEN), «Էկո-համաձայնություն» (Eco-Accord) կազմակերպության և գործընկեր կազմակերպությունների կողմից կենցաղային օգտագործման ներկերում կապարի պարունակության վերաբերյալ իրականացրած հետազոտությունը ցույց տվեց, որ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԿԱ) 10 երկրում վաճառվում են ներկեր, որոնք պարունակում են կապարի բարձր խտություններ:

Կապարի բարձր մակարդակներ հայտնաբերվել են նաև Հայաստան ներկրված ներկերում։ Այդ ներկերը լայն տարածում ունեն տարածաշրջանում, քանի որ դրանք ներկայացնում են ապրանքանիշներ, որոնք վաճառվում են ԱԵԿԿԱ բոլոր երկրների մանրածախ առևտրի կետերում:

Կապար պարունակող ներկը երեխաների վրա կապարի ազդեցության հիմնական աղբյուրներից է: Կապարը թունունակ մետաղ է: Երեխայի վրա դրա ազդեցությունը կարող է հանգեցնել ուղեղի համար անդառնալի վնասակար հետևանքների: Փորձագետները և ներկեր արտադրող շատ ընկերություններ ընդգծում են, որ կապար պարունակող ներկերի վերացումը հասանելի նպատակ է, քանի որ գոյություն ունեն կապարային ներկերի անվտանգ այլընտրանքներ: «Կապարից թունավորման կանխարգելման միջազգային շաբաթ» նախաձեռնության ընթացքում 30 երկրում գործող IPEN-ի 33 անդամ կազմակերպություններ, ներառյալ Հայաստանը, տարբեր միջոցառումներ են անցկացնում:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրին (ՄԱՇՄԾ) և աշխարհի այլ կազմակերպություններին` արգելելու կապարային ներկերի օգտագործումը և բարձրացնելու Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի գործունեության մասին իրազեկությունը:

17:25 Նոյեմբեր 08, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news