«Իջեւան-1» ՓՀԷԿ-ից ստացված շահույթով նոր ՓՀԷԿ-եր կկառուցվեն

«Իջեւան-1» ՓՀԷԿ-ից ստացված շահույթով նոր ՓՀԷԿ-եր կկառուցվեն

ԷկոԼուր

Սույն թվականի ապրիլի 10-ին` ժամը 12.00-ին, Իջևան քաղաքի Մելիքբեկյան փողոցի 5/9 հասցեում, տեղի կունենան «Իջևան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումները: Նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Ջուրլույս» ՍՊ ընկերությունը:

«Իջևան-1» փոքր ՀԷԿ-ը  նախատեսվում է կառուցել ՀՀ Տավուշի մարզում` Աղստև գետի վրա շահագործվող «Սպիտակ լիճ» ջրամբարի պատվարի  ներքին  բյեֆում: ՓՀԷԿ-ի շենքը նախատեսվում է տեղակայել Աղստև գետի ձախ ափում: ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի երկարությունը 340 մ է, տրամագիծը` 2032մմ:

Արտադրվելու է  միջինը տարեկան 8.04 միլիոն կՎտժ  էլեկտրաէներգիա, որը առաքվելու է հանրապետության էներգահամակարգ: Ըստ նախագծի` «Իջևան-1» ՀԷԿ-ի շահագործումից ստացված շահույթը նախատեսվում է ներդնել նոր ՓՀԷԿ-երի կամ նոր արտադրա-արդյունաբերական հզորությունների կառուցման համար:

Նշենք, որ նմանատիպ մտադրություն ունի նաեւ «Մարց Էներջի» ընկերությունը, որը Մարց գետի վրա պատրաստվում է կառուցել «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունը լինելու է 4750.0 մետր: «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի համաձայն՝ ՓՀԷԿ-ի ստացված շահույթով նոր ՓՀԷԿ-եր կամ նոր արտադրական հզորություններ են կառուցվելու։ Սակայն Մարց գյուղի բնակիչները դեմ են այս ՓՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ ականատես են եղել Մարց գետի վրա արդեն իսկ կառուցված «Մարցիգետ ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ի գործունեությանը, որի արդյունքում գետում ջուր չի մնացել, իսկ ՓՀԷԿ-ի դերիվացիոն խողովակաշարի 7 տեղից վթարվելու հետեւանքով վնասվել է իրենց ճանապարհը։

«Իջևան-1» փոքր ՀԷԿի նախագծի համաձայն՝ ուսումնասիրվող տարածքի բուսածածկը  ներկայացված է լայնատերև անտառային բուսականությամբ, որտեղ հանդիպում է  ՀՀ Կարմիր գրքում գրանցված Ընկուզենի սովորականը (Juglans regia), որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ պատկանում է «Քիչ մտահոգող տեսակներ» կատեգորիայի բույսերի ցուցակին:

Տարածաշրջանում հանդիպում է միայն ՀՀ Կարմիր գրքում գնացված1 էնդեմիկ բուսատեսակ` Սրոհունդազգիներից (Hypericum) − Սրոհունդ Էլեոնորայի (Hypericum eleonorae): Այն համարվում է կրիտիկական վիճակում գտնվող բուսատեսակ: Սակայն, նախագծի համաձայն,  ՓՀԷԿ-ի կառուցվածքների տարածքում հազվագյուտ, անհետացող, կրճատվող տեսակներ չեն հայտնաբերվել:

«Իջևան-1» ՓՀԷԿ-ի էկոլոգիական թողքը կազմում է 0.75 մ3/վրկ.: Դերիվացիոն խողովակաշարի տարածքում կհատվի շուրջ 18 ծառ, որոնք պատկանում են Ուռենիների ցեղին (Salix): Տվյալ բացասական ազդեցությունը մեղմացնելու և բուսածածկը վերականգնելու նպատակով կկատարվի ծառատունկ, որի ընթացքում կօգտագործվեն ծառատեսակներ, որոնք հատվել են շինարարության ընթացքում և բնորոշ են տվյալ լանդշաֆտին:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

16:35 Ապրիլ 07, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news