10 միլիոն եվրո դրամաշնորհ Արարատի և Արմավիրի մարզերի ոռոգման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար

10 միլիոն եվրո դրամաշնորհ Արարատի և Արմավիրի մարզերի ոռոգման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար

ԷկոԼուր

Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (ԶՖԳ) ՀՀ կառավարությանը 10 միլիոն եվրո դրամաշնորհ կհատկացնի Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգման ոլորտի բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Հոկտեմբերի 17-ին գործադիրին ընդունեց «ՀՀ և ԶՖԳ-ի միջև թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, կառավարության անդամներին ներկայացնելով նախագիծը, նշեց, որ 8,5 միլիոն եվրոն կհատկացվի Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը, իսկ 1,5 միլիոն եվրոն՝ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող ծրագրերի զարգացմանը: «Այս միջոցներով կիրականացվի «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է գյուղատնտեսության ոլորտում ավելի կայուն և արդյունավետ լուծումների ապահովումը, կարողությունների զարգացումը, կոոպերատիվների ստեղծման և զարգացման աջակցությունը և այլն»,- նշեց նախարարը:
Ծրագիրը բաղկացած է 4,4 միլիոն եվրո կազմող՝ տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5,6 միլիոն եվրո կազմող՝ ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրի իրականացումից ակնկալում են մոտ 2000 հա ոռոգելի հողատարածքներում առկա ենթակառուցվածքների արդիականացում, տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ պիլոտային տարածքներում առնվազն 20 արտադրական կոոպերատիվների և ֆերմերային խմբերի աջակցություն: Ծրագիրն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, քանի որ այդ համայնքներն, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ լինելու է 1, 2 կամ 3 համայնքում առաջնային, երկրորդային և երրորդային ոռոգման համակարգերի ներդրում: «Մինչև անգամ գուցե կաթիլային համակարգի ներդրում: Կախված կլինի այն առաջարկներից, որոնք կհավաքագրվեն տարբեր գերատեսչություններից»,- նշել է նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ անհրաժեշտ է երաշխավորել այդ գումարի՝ կոնկրետ ենթակառուցվածք դառնալը: «Հետագա քննարկումների ընթացքում այս ուղենիշն ունենանք աչքի առաջ»,- հավելել է վարչապետը:

 

Հոկտեմբեր 18, 2019 at 15:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր