

ՀՀ կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային զեկույցում Սևանա լճի էկոլոգիական վիճակի վերաբերյալ կանխատեսումները լավատեսական չեն: Կլիմայի փոփոխության սցենարներով ակնկալվում է բացասական ազդեցություն լճի կենսական պայմանների վրա․ վատատեսական սցենարի դեպքում՝ ընդհանուր գետային ներհոսքը Սևանա լիճ մինչև 2100թ. կնվազի շուրջ 34%-ով կամ 265 մլն խմ-ով բազիսային ժամանակահատվածի (1961-1990թթ․) նկատմամբ: Կանխատեսվող գետային հոսքի նվազման հետ միաժամանակ մեծանալու է գոլորշիացումը: Ըստ զեկույցի՝ սպասվում է, որ 2070թ. լճի ջրի ջերմաստիճանը կաճի 2 աստիճանով, իսկ 2100թ-ին՝ 4 աստիճանով: Ջերմաստիճանի աճը բացասական ազդեցություն կունենա Salmonidae (սաղմոնային) տեսակների վրա: Սևանա լճում այս տեսակի ձուկն իշխանն է: «Salmonidae տեսակները 18 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում կորցնում են շարժունակությունը և դադարում սնվել: Շատ զգայուն են ջրում լուծված թթվածնի նկատմամբ, ինչն էլ նշանակում է, որ ամռան ընթացքում իրենց բնակմիջավայրը սահմանափակված է վերևից 18 աստիճանից բարձր ջերմաստիճանի ջրի շերտով, իսկ ներքևից՝ լուծված թթվածնի ցածր պարունակությամբ ջրի շերտով: Այս գոտին գնալով ավելի ու ավելի է նեղանում և, ի վերջո, կարող է անհետանալ: Սննդային ռեժիմի փոփոխությունը ևս հանգեցնում է թթվածնային պայմանների վատթարացման»,- նշված է զեկույցում: Բարձր ջրային ջերմաստիճանը նախընտրելի է Cyprinidae (ծածանազգի) տեսակների համար, որոնք նաև ավելի քիչ զգայուն են ջրում լուծված թթվածնի նկատմամբ:
«Շատ հավանական է, որ Սևանա լիճը իշխանի ջրամբարից կվերածվի կարպի ջրամբարի, որին բնորոշ է ավելի բարձր ձկան արտադրանք, բայց ավելի ցածր որակ: Բացի այդ, լճի ջրի ջերմաստիճանի բարձրացումը և ամռան ժամանակահատվածում կապտականաչ ջրիմուռների մասսայական զարգացումը («ջրի ծաղկման» հետևանքով) կարող են հանգեցնել էկոհամակարգերի էլ ավելի խորը փոփոխությունների: Վերջին տարիներին այս երևույթն արդեն իսկ գրանցվել է Սևանա լճում։
Համաձայն կանխատեսումների, համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, նման երևույթները կկրկնվեն և կնպաստեն լճի կենսաբազմազանության վրա ազդող էկոլոգիական գործոնների զգալի փոփոխություններին: Մասնավորապես, կարագանան և կավելանան էվտրոֆիկացման գործընթացները, տեղի կունենա ջրի կազմի փոփոխություն և աղտոտում, որակի վատթարացում, ֆիտո- և զոոպլանկտոնի և բենթոսի փոփոխություններ, կենդանի օրգանիզմներում թունավորող նյութերի կուտակում և այլն»,- նշված է զեկույցում:
Նշված երևույթների կանխման համար զեկույցում առաջարկվում է.
· բարելավել Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանն ուղղված իրավական և ինստիտուցիոնալ դաշտը (լրամշակել Սևանա լճի մասին ՀՀ օրենքը՝ հաշվի առնելով կանխատեսվող ԿՓ ազդեցությունները)
· պահպանել լճի մակարդակի բարձրացման միտումը մինչև առնվազն նախագծված մակարդակ կամ իրականացնել ներկայիս մակարդակը կայունացնող միջոցառումներ
· նվազագույնի հասցնել Սևանա լճի՝ կոմունալ-կենցաղային կեղտաջրերով, ինչպես նաև լճի ափամերձ տարածքներից կեղտաջրերով աղտոտումը
· իրականացնել կապտականաչ ջրիմուռներից ջրերի արհեստական մաքրման միջոցառումներ:
Մեր կողմից նշենք, որ օգոստոսի 26-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900.69 մ է, որը 3 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: Արփա-Սևան թունելով լիճ է ներհոսել տարեսկզբից մինչ օրս 165,607 միլիոն խմ ջուր, լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 131,445 միլիոն խմ ջուր:
Օգոստոս 27, 2020 at 10:33