

2025 թվականին մոլորակը շարունակում է սահմանել ջերմաստիճանի նոր ռեկորդներ։ Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տվյալների՝ այս տարին, ամենայն հավանականությամբ, կդառնա պատմության ընթացքում երկրորդ կամ երրորդ ամենատաք տարիներից մեկը։ Ընդ որում, վերջին 11 տարիները՝ 2015-2025 թվականները, արդեն ճանաչվել են ամենաշոգը վերջին 176 տարվա ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից։
Օդի ջերմաստիճան
Երկրի մակերևույթի միջին ջերմաստիճանը 2025 թվականի հունվարից մինչև օգոստոս 1.42°C-ով գերազանցել է նախարդյունաբերական դարաշրջանից առաջ եղած մակարդակը։ Սա փոքր-ինչ ցածր է, քան 2024 թվականին, սակայն, ընդհանուր առմամբ, շոգը չի նահանջում։
2023 թվականի հունիսից մինչև 2025 թվականի օգոստոս գրեթե յուրաքանչյուր ամիս ջերմաստիճանի նոր ռեկորդներ են գրանցվել՝ բացառությամբ 2025 թվականի փետրվարի։ Գիտնականները սա կապում են ոչ միայն բնական ցիկլերի, այլև աէրոզոլների արտադրության աճի և այլ մարդածին գործոնների հետ, որոնք ուժեղացնում են գլոբալ տաքացումը։
Օվկիանոսներն ու ծովի մակարդակը
Օվկիանոսները շարունակում են կուտակել տաքությունը․ ջերմոցային գազերի առաջացրած ավելորդ էներգիայի ավելի քան 90 տոկոսը կլանվում է հենց դրանցում։ Սա հանգեցնում է ծովային էկոհամակարգերի քայքայման, փոթորիկների ուժգնացման և սառույցների արագ հալման։
Ծովի մակարդակը բարձրանում է ավելի արագ․ եթե 1990-ականներին այն տարեկան աճում էր միջինը 2.1մմ-ով, ապա այժմ արդեն 4.1 մմ-ով։ 2024 թվականին գրանցվել էր պատմական առավելագույն մակարդակ, որն այս տարի ժամանակավոր նվազել է բնական գործոնների ազդեցությամբ։
Սառույցի տարածքներն ու սառցադաշտերը
Արկտիկայում այս տարվա ձմռանից հետո սառույցի մակերեսը հասել է արբանյակային դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենացածր ցուցանիշին։ Անտարկտիդայում իրավիճակն էլ մտահոգիչ է․ 2025 թվականին արձանագրվել են սառույցների նվազման պատմության մեջ երրորդ ամենաբարձր ցուցանիշները։
Գլոբալ սառցադաշտերը զանգված են կորցնում արդեն երրորդ տարին անընդմեջ։ 2023-2024 թվականներին դրանք կորցրել են մոտ 450 գիգատոննա սառույց, ինչը համարժեք է ծովի մակարդակի բարձրացման մոտ 1.2 մմ-ով։
Ջերմոցային գազեր
Ածխաթթու գազի (CO₂), մեթանի և ազոտի օքսիդի կոնցենտրացիաները մթնոլորտում 2024 թվականին հասել են պատմական առավելագույնների և շարունակում են աճել։ CO₂-ի մակարդակը նախարդյունաբերական դարաշրջանից ի վեր աճել է 53 տոկոսով, իսկ մեկ տարվա աճը դարձել է ամենամեծը դիտարկումների ողջ ընթացքում։
Կլիմայական ծայրահեղ երևույթներ
Այս տարին բերեց կործանարար հեղեղումներ Աֆրիկայում և Ասիայում, անտառային հրդեհներ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև մահաբեր արևադարձային ցիկլոններ։ Այս դեպքերը լուրջ հարված են հասցրել տնտեսություններին, սննդի ապահովությանը և դարձել զանգվածային տեղահանումների պատճառ։
Էներգետիկա և կլիմայական ծառայություններ
2024 թվականի շոգը հանգեցրել է էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի՝ միջին մակարդակից մոտ 4 տոկոսով, իսկ որոշ տարածաշրջաններում՝ օրինակ Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում մինչև 30 տոկոսով։ Սա ընդգծում է կլիմայական տվյալների ներառման անհրաժեշտությունն էներգետիկ պլանավորման մեջ։
Վաղ զգուշացման համակարգեր
2015 թվականից սկսած՝ այն երկրների թիվը, որոնք ներդրել են բազմագործոն վաղ զգուշացման համակարգեր, աճել է 56-ից մինչև 119։ Այնուամենայնիվ, պետությունների մոտ 40 տոկոսը դեռևս նման համակարգեր չունի։ ՀՕԿ-ը նշում է, որ հատկապես կարևոր է արագացնել գործընթացը նվազ զարգացած և կղզային պետություններում։
«Մենք այլևս չենք կարող կանխել 1,5 աստիճան սահմանաչափի ժամանակավոր գերազանցումը, – նշել է ՀՕԿ գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն, – սակայն պարտավոր ենք մինչև դարի վերջ վերադարձնել ջերմաստիճանի աճն այդ շեմից ցածր մակարդակի»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը նշել է․ «Յուրաքանչյուր տարի, երբ ջերմաստիճանը գերազանցում է մեկ ու կես աստիճանը, հարված է տնտեսությանը, աճող անհավասարությանը և անդառնալի կորուստների պատճառ։ Պետք է գործել արագ, մասշտաբային և վճռական»։
Լուսանկարը՝ un.org
Նոյեմբեր 13, 2025 at 13:04
