2027թ. հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումը

2027թ. հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումը

2027թ. հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս՝ բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի: Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։ Արգելվելու է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը կամ օտարումը՝ նույն վայրերում։ Այստեղ ևս սահմանված է բացառություն՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։

Ս․թ․ նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի մշակումը բխում է կառավարության 2021-2026թթ. ծրագրից, որով որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղությունն ամրագրված է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը և արգելումը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ նախագծերով սահմանված արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 1-ին դեպքում նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում՝ կնշանակվի 100.000-150.000 դրամ տուգանք։ Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է Շուկայի վերահսկողության տեսչական և Տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ։ «Մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական և առողջապահական կարևոր նշանակություն ունի։ Այն համահունչ է նաև վերջին շրջանում քննարկված «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի տրամաբանությանը, քանի որ առողջ հասարակություն ունենալը հնարավոր չէ առանց առողջ շրջակա միջավայրի։ Մեկանգամյա պլաստիկ թափոնները համարվում են բնության աղտոտման հիմնական աղբյուրներից, նպաստում են միկրոպլաստիկի կուտակմանը, որը վտանգ է պատճառում թե՛ կենսաբազմազանությանը, թե՛ մարդու առողջությանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ շրջակա միջավայրի պահպանությունն ու հանրային առողջության պաշտպանությունը փոխկապակցված գործընթացներ են, և դրանց լուծումը պահանջում է համակարգային մոտեցում ու հետևողական քաղաքականություն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս քայլը կներկայացնի Հայաստանը որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն՝ հանդիսանալով հզոր ազդակ միջազգային հանրությանը Հայաստանում անցկացվելիք COP 17 միջազգային համաժողովի նախաշեմին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս թեմայով պետք է հանրային իրազեկման արշավներ անել, ամենօրյա ռեժիմով աշխատանք տանել տնտեսվարողների հետ, աջակցության ծրագրեր իրականացնել: Վարչապետը կարևորել է մինչև 2027 թ. հունվարի 1-ն այս որոշումը կյանքի կոչելու պլան ունենալու հանգամանքը:

Նոյեմբեր 14, 2025 at 16:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր