2019 թ․ Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին փոխանցել է մոտ 330 հազար եվրո գումար

2019 թ․ Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին փոխանցել է մոտ 330 հազար եվրո գումար

ԷկոԼուր

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ 2019 թ. ֆինանսական տարվա համար իրականացրել է առաջին գումարային փոխանցումները ՀՀ բնապահպանության նախարարության կազմում գտնվող  հետևյալ բնության հատուկ պահպանվող տարածքներին՝   «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան»  և  «Արփի լիճ» ազգային պարկերին: Ընդհանուր առմամբ, կատարվել է մոտ 330 հազար եվրոյի փոխանցում:

«Շուրջ 111 հազար եվրո հատկացվել է  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 92 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 87 հազար եվրո՝ «Դիլիջան»  ազգային պարկին, 40 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Հատկացված գումարներով  պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին,գնվելու  են վառելիք, պահեստամասեր, արտահագուստ, վճարվելու են կոմունալ և այլ ծառայությունների գումարները, ձեռք են բերվելու  տեսախցիկներ և անօդաչու սարքեր,ներդրվելու են նորարարական տեխնոլոգիաներ, կատարվելու են այլ ծախսեր, որոնք անհրաժեշտ են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքի համար»,- ԷկոԼուրին հայտնեց Կովկասի բնության հիմնադրամի հանրային կապերի համակարգող Մարինե Կարապետյանը:

Երկրորդ փոխանցումները նախատեսվում է իրականացնել հուլիս ամսվա ընթացքում՝ մոտավորապես նույն գումարի չափով:

Կարապետյանի փոխանցմամբ,  CNF-ը շարունակելու է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը:

19:25 Ապրիլ 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news