2019 թ-ին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ կիրականացվեն 98 հա տարածքում

2019 թ-ին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ կիրականացվեն 98 հա տարածքում

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը ս.թ. օգոստոսի 29-ին ընդունել է որոշում, որով կապահովվի Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը։

Ըստ հիմնավորման՝ 2019 թ. այդ աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները: Հիմք ընդունելով ժամանակից մեթոդներով իրականացված գնահատման արդյունքները՝ ընթացիկ տարվա համար վերանայվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները. Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի (54,1 հա) և Ծովակի տեղամասի (12,7 հա) ջրածածկ, ճահճային և ցամաքային տարածքներում նախատեսված մաքրման փոխարեն կիրակացվի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակի տեղամասի 94 հա ճահճապատ և 4 հա ջրածածկ տարածքների մաքրում։ Այսպիսով՝ մաքրման աշխատանքներ կիրականացվեն 98 հա տարածքում՝ նախատեսված 66.8 հա փոխարեն: Բացի այդ, որոշմամբ նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ 2019թ. բյուջեով հատկացված 117062.0 հազ. դրամ գումարից գնումների շրջանակում կնքված պայմանագրերով տնտեսված 2590.7 հազ. դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Այս նախագիծը շատ հատկանշական է: Տեսեք՝ հիմա քննարկում ենք և այս տարվա ընթացքում մի քանի անգամ քննարկել ենք, որ մենք մեր ծախսերը կարծես 100 տոկոսով չենք կարողանում իրականացնել, և եկամտային մասերում ունենք գերակատարումներ, ծախսային մասերում՝ թերակատարումներ: Իհարկե, մեծ հաշվով սա մի փաստ է, որը մեզ մտահոգում է, բայց կարծում եմ՝ այս կարգի նախագծերը նաև ցույց են տալիս այն ետնապատկերը, որում մենք այդ ամենն ունենում ենք: Տվյալ դեպքում մենք ունենք բյուջեից հատկացված գումար, այդ բյուջեից հատկացված գումարը նախատեսված էր իքս տարածք մաքրելու համար, բայց հիմա մեր կառավարության սեղանին նախագիծ է, որ այդ գումարով կարելի է մաքրել ավելի շատ տարածք և ինչ-որ գումար էլ վերադարձնել պահուստային ֆոնդ:

Քանի որ առաջիկայում մենք էլի քննարկելու ենք, իմ գնահատականն այն է, որ մենք ծախսային մասերը թերակատարում ենք՝ նաև կոռուպցիոն սողանքները փակելու և փակվելու հետևանքով կամ արդյունքում: Իհարկե, սա իր հետ բերում է նաև պրոբլեմներ, բայց մեծ հաշվով խոսում է մեր համակարգի շատ լուրջ առողջացման պրոցեսի մասին: Մեծ հաշվով, որքան էլ տեղեկատվությունը վերլուծում եմ, ռիսկեր չեմ տեսնում, որովհետև կարծում եմ, որ այդ բոլոր ռիսկերը կառավարելի են, և մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Այլ բան է, որ մենք մեր ծախսերի համակարգը, իրոք, պետք է շատ արդյունավետ դարձնենք՝ այնպես, որ մյուս տարվանից ընդհանրապես այդ կարգի խնդիր չունենանք»:

 

18:41 Օգոստոս 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news