ԷկոԼուր
2014 թվականին նախատեսվում է Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում իրականացնել անտառվերականգնողական աշխատանքներ 35 հետկար ընդհանուր տարածքներում: Կոտայքի մարզում էլ շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածքներում կիրականացվեն սանիտարական ձևավորման աշխատանքներ: Այս հարցերը քննարկվել են փետրվարի 5-ին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը, մարզերում անտառների վերականագնման ծրագրերը կշարունակվեն նաև 2015 թվականին:
Ըստ աղբյուրի` 2014թ-ին նախատեսվում է նաև ավարտին հասցնել Երևանի անտառտնտեսության «Էրեբունի անտառպետության» 51 հեկտար տարածքում անտառապատման ծրագիրը: Այն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, որը թույլ կտա խուսափել հնարավոր սողանքներից: Նախորդ տարի տարածքում իրականացվել են ջրագծի և ցանկապատի կառուցման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ 2013թ. մարտին ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանը հատկացրեց 52 մլն 600 հազար դրամ, որով անտառապատվելու էին Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտարից շուրջ 31 հեկտարը, Արթիկ քաղաքի շրջակայքի շուրջ 20 հեկտար տարածքը, ինչպես նաև որոշակի գումար էր հատկացվելու ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման համար։
Փետրվար 06, 2014 at 11:24