50 տարի անց ընձառյուծը կրկին Տավուշում է

50 տարի անց ընձառյուծը կրկին Տավուշում է

ԷկոԼուր

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի կողմից տեղադրված տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Այս մասին 2020 թ․ մայիսի 7-ին մամուլի հաղորդագրություն է տարածել WWF Հայաստանը։

Հաղորդագրության մեջ նշված է․ 

«Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։ 

Վստահելով տուժած Արման Գաբրիելյանին և ականջալուր լինելով նրա պնդումներին, որ իր վրա հարձակված կենդանին այնուամենայնիվ ընձառյուծ է, WWF Հայաստանի մասնագետները շարունակել էին դաշտային հետազոտությունները։ Արդյունքում ընդլայնվել էր տեսախցիկների տեղադրման աշխարհագրությունը։ Հետազոտություններին մեծ աջակցություն են ցուցաբերել հենց ինքը՝ Արման Գաբրիելյանը, Ենոքավանի բնակիչները, ինչպես նաև «Ապագա ռեզորթ» ընկերությունը։

Հետազոտությունները տվեցին իրենց դրական արդյունքը, և տեսախցիկները ֆիքսեցին ընձառյուծին։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։

WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշում է․ «Սա նման է իսկական հրաշքի, քանի որ նախապես կատարված լաբորատոր հետազոտությունները միայն 1% հավանականություն էին թողնում, որ նմուշները պատկանում են ընձառյուծի։ Հետազոտությունները շարունակվելու են, քանի որ ակնհայտ է, որ տարածքում արդեն այլ մակարդակի պահպանություն է անհրաժեշտ իրականացնել»:

Հիշեցնենք, որ 2002 թվականից WWF-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ  իրականացնում է  Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը։  Հետագայում ծրագրին միացել են նաև մի շարք այլ գործընկեր կառույցներ։ 

Հայկական լեռնաշխարհը վտանգված կենդանատեսակ համարվող պարսկական կամ կովկասյան ընձառյուծի (Panthera pardus tulliana) ապրելավայրն է։ Ըստ մի շարք տվյալների, 1970-80-ականներին Հայաստանում ընձառյուծը բավական տարածված է եղել։ Սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսի արդյունքում այն 1987 թ. ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում: 

Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ներառված  է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով:

Լուսանկարը և տեսանյութը՝ WWF Հայաստան 

 


14:39 Մայիս 07, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news