Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը և տնտեսական աճի հեռանկարներն ըստ Համաշխարհային բանկի

Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը և տնտեսական աճի հեռանկարներն ըստ Համաշխարհային բանկի

ԷկոԼուր 

Համաշխարհային բանկը ուսումնասիրել և գնահատել է Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը և այս ոլորտով պայմանավորված տնտեսական աճի հեռանկարները: Բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունն արտացոլվել է «Հայաստան. հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում» զեկույցում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 8-ին:

Շնորհանդեսին մասնակցում էին Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության, հանքարդյունաբերական ընկերությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

«Վերջին հինգ տարիներին հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի արտահանումների ծավալը կազմել է տարեկան մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար, և դրանով իսկ ոլորտը եղել է արտահանումների ու արտարժութային հոսքերի գծով առաջատարը: Հանքարդյունաբերական ընկերությունները նաև զգալի թվով աշխատատեղեր են ապահովում: 2014 թ. մետաղի արդյունահանման ոլորտում աշխատողների թիվը կազմել է 7057, որը երկրի արդյունաբերական ոլորտում կազմում է ընդհանուր աշխատատեղերի 10 տոկոսը», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետ Կիրստեն Հունդը ներկայացրեց զեկույցի հիմնական եզրահանգումներն ու առաջարկությունները:

«Հայաստանում ունեցած պաշարները՝ պղինձ, մոլիբդեն, շատ կարևոր են:  Ներկայումս մետաղների գները բավականին ցածր են, և ես կարծում եմ, որ դա գերազանց հնարավորություն է ընձեռում Հայաստանին կանգ առնելու, մտածելու և տեսնելու՝ ինչ է կատարվում այս ոլորտում:

Մենք ինքահարատևության երեք հիմնական բաղադրիչներ ենք դիտարկել՝ սոցիալական զարգացում, տնտեսական զարգացում և ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Այս ոլորտը կարևոր է  Հայաստանի տնտեսության համար, բայց այն նաև խոցելի ոլորտ է, որովհետև մեծ չափով կախված է խոշոր հանքի եկամուտներից: Բավականին փոքր հանքեր կան, որոնք գրեթե շահույթ չունեն, կամ թվերը գոնե այդպես են ցույց տալիս:  Կան երկրաբանական տվյալներ, բայց դրանք բավականին հին են, նոր հետազոտությունները բավականին քիչ են», - ասաց Կիրստեն Հունդը: Նա նշեց, որ զեկույցի հիմնական եզրահանգումներից մեկն էլ այն է, որ բնապահպանական խնդիրների վերաբերյալ մտահոգությունները իրական են:

«Կան մեծաթիվ հանքեր, որոնք խորհրդային ժամանակաշրջանում հետախուզվել են և չեն փակվել: Դա ստեղծել է որոշակի բնապահպանական ռիսկ և վնաս, իսկ կառավարությունը բավարար գումարներ չունի հանքերի վերականգնման աշխատանքներ կատարելու համար: Զեկույցը նաև դիտարկում է այն պոչամբարները, որոնք լքված են: Կա բավականին մեծ ռիսկ՝ կապված պոչամբարների կառուցման ձևի հետ՝ հաշվի առնելով Հայաստանի բարձր սեյսմիկ ռիսկայնությունը: Հայաստանում օրենքները լավն են, սակայն խնդիր կա կիրառման հետ կապված: Իսկական սոցիալական համաձայնություն Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում, կարելի է ասել, չկա», - նշեց Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետը և հավելեց, որ զեկույցի հիմնական առաջարկությունն այն է, որ Հայաստանի կառավարությունը և հասարակությունը մշակեն ոլորտի համաքաղաքականություն:

Հանքարդյունաբերության ոլորտը միանշանակ ունի աճի մեծ հնարավորություն, հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Հաճախ խոսում են այս ոլորտի կայուն զարգացման մասին, բայց կայունությունը՝ հետևանքն է, իսկ խոսքը պետք է գնա հենց ինքնահարատև զարգացման մասին: Երբ մենք խոսում ենք ինքնահարատևության մասին, մենք առաջին հերթին խոսում ենք տնտեսական աճի, սոցիալական և բնապահպանական պատասխանատվության մասին: Ինքնահարատև համակարգ ստեղծելու համար մենք պետք է ունենանք քաղաքականություն, որը կառուցված է համատեղ տեսլականի վրա: Տեսլական, որը կիսում են իշխանությունները, քաղաքացիական հասարակությունը և տնտեսվարողները: Այս առումով զեկույցը կարող է հանդիսանալ պատշաճ հենք, որպեսզի ապագայում մենք կարողանանք կառուցել ողջամիտ և թափանցիկ հանքարդյունաբերության ոլորտ: Իսկ տեսլականի վերաբերյալ գործիքներն արդեն ընթացքում են: Խոսքը վերաբերում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) շրջանակում ստեղծվող բազմաշահառու խմբի աշխատանքներին», - ասաց Դավիթ Հարությունյանը:

EITI-ը՝ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և տնտեսվարողների համաշխարհային դաշինք է, ովքեր որոշել են միավորել ջանքերը բնական պաշարների կառավարումն ավելի թափանցիկ ներկայացնելու ուղղությամբ: Այն սկիզբ է առել 2002 թվականին, և արդեն իսկ 51 պետություններ աշխարհում անդամակցում են EITI-ին: Հայաստանը ներկայումս նախապատրաստում է իր թեկնածության դիմումը՝ EITI-ի գործընթացին միանալու համար: Հայաստանի անդամակցելու հիմնական պատասխանատու նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ թափանցիկ հանքարդյունաբերություն ձևավորելու ճանապարհային քարտեզ մշակելու համար այս գնահատումը կարող է ծառայել որպես գործիք:

Գնահատումը պատրաստվել է փորձագետների կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Սուիդիշ Զիոլոջիքել Էյ-Բի, Էս-Էլ-Ար Քոնսալթինգ, Ավագ Սոլյուշենս ընկերությունները, ՀԱՀ-ի Թուրփանջյան հասարակական ուսումնասիրությունների կենտրոնը և ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը:

Իր հաջորդ հրապարակումներում «ԷկոԼուր»-ը կներկայացնի միջոցառման ընթացքում քաղաքացիական հասարակության, տարբեր մասնագետների կողմից բարձրացված հարցերը և դրանց պատասխանները: 

Հունիս 08, 2016 at 18:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր