CNF-ը 445.000 եվրո կտրամադրի ` ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցելու համար

CNF-ը 445.000 եվրո կտրամադրի ` ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցելու համար

ԷկոԼուր

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 2015թ-ին ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների աջակցության համար նախատեսում է տրամադրել 445.000 եվրո գումար: Այս մասին ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ մարտի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, կողմերը քննարկել են 2014-ին մեկնարկած ծրագրերը` մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանի մշակումը,  «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում նախատեսված աջակցության ծրագրերը, որոնք կշարունակվեն 2015 թվականի ընթացքում:

Դեյվիդ Մորիսոնը նշել է, որ արդեն օգոստոս ամսին բնապահպանության նախարարության հաստատմանը կներկայացվի «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանը 2016-2020թթ. համար:

Քննարկվել են «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» գործունեության հեռանկարները նոր ձևաչափով, որպես միասնական համալիր:

Անդրադառնալով 2015 թվականի անելիքներին` նախարար Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն ու CNF-ը կկարողանան հաջողությամբ իրականացնել այս տարվա համար նախանշված ծրագրերը` մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների հետագա կայուն զարգացման հեռանկարներն առավել ամրապնդելու նպատակով:

Կողմերը կարևորել են այս տարի «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նախատեսվող կենսաբազմազանության մոնիթորինգի անցկացման պիլոտային ծրագիրը: «Կենսաբազմազանության մոնիթորինգը կդառնա այն օբյեկտիվ ազդակը, որը ցույց կտա իրականացվող պահպանության արդյունավետության աստիճանը»,- նշել է Դեյվիդ Մորիսոնը: Նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է զուգահեռ մոնիթորինգային ծրագիր ներդնել Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքում:

Անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոտուրիզմի զարգացման խնդիրներին` Արամայիս Գրիգորյանը մի շարք առաջարկություններ է ներկայացրել հիմնադրամի ներկայացուցիչներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:

Այս տարի լրանում է «Արփի լիճ» ազգային պարկում իրականացվող ծրագրերով  նախարարության և հիմնադրամի համագործակցության առաջին փուլը: Կողմերն արդյունավետ են գնահատել ազգային պարկի ստեղծման և կայացման աշխատանքները` նշելով, որ ամուր հեռանկարային հիմքեր են ստեղված ազգային պարկի կայուն զարգացման համար:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները:

17:28 Մարտ 25, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news