Դաշտային վարժանք Ախթալայի կոմբինատում

Դաշտային վարժանք Ախթալայի կոմբինատում

mes.am

Բարձրացվում են անդրսահմանային ազդեցության արտակարգ իրավիճակների դեմ պայքարի կարողությունները


Հուլիսի 4-ին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ» պոչամբարում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը կազմակերպել էր դաշտային ուսումնավարժություն՝ «Պոչամբարի պատվարի վթարի դեպքում հակազդման գործողությունները և հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ տեղեկության տրամադրման արդյունավետությունը Հայաստանի և Վրաստանի միջև» թեմայով:

Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին՝

• ստուգել անդրսահմանային հնարավոր ազդեցության վտանգ պարունակող արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկության տրամադրման շղթայի արդյունավետությունն ազգային և միջազգային մակարդակներում (Հայաստանի և Վրաստանի միջև).

• փորձարկել ՄԱԿ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) վթարային իրավիճակների ազդարարման ստուգաթերթը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ դրա բարելավման ուղղությամբ.

• ստուգել ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) և «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ վթարավերականգնողական ուժերի պատրաստվածությունն ու կոմբինատի ներքին/արտաքին ազդարարման համակարգի արդյունավետությունը.

• կատարելագործել արձագանքող ուժերի համագործակցությունն ու տեղեկությունների փոխանակման գործընթացը:

Վարժանքին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզպետարանի, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Լոռու ՄՓՎ աշխատակիցներ, Թումանյանի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Ախթալայի ջոկատը:

Սցենարի համաձայն՝ Լոռու մարզում մի քանի օր շարունակ տեղացած ուժեղ անձրևից հետո տարածքում գրանցվել էր պայմանական 6 մագնիտուտով երկրաշարժ, որի հետևանքով վնասվել էր կոմբինատի «Նահատակ» պոչամբարի պատվարը: Փլուզման հետևանքով տեղի էր ունեցել տարածքի աղտոտում՝ պոչամբարում կուտակված խյուսով և փակվել էր Ճոճկան գյուղ տանող ճանապարհը: Պոչամբարի լցվածքն արտահոսել էր Դեբեդ գետի ավազան՝ լցվելով Դեբեդի վտակ հանդիսացող Նահատակ գետ, ինչը կարող էր հանգեցնել նաև անդրսահմանային ազդեցության: Այդ մասին տեղեկությունը տրամադրվել էր հնարավոր ազդակիր հարևան երկրի՝ Վրաստանի համապատասխան կառույցին:

Սեղմ ժամկետում իրականացվում են բնակչության պաշտպանության համակարգը պատրաստականության բերման միջոցառումներ։ Լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությունը ձեռնարկում է պոչամբարի պատվարի կայունացման և վերականգնման աշխատանքներ՝ օգտագործելով համապատասխան ինժեներական տեխնիկա:
Վարժանքին ներգրավված փրկարարներն իրականացնում են բնակչության և տարածքների պաշտպանության միջոցառումներ՝ հետախուզություն, տեղեկությունների տրամադրում, ազդարարում, կանխարգելիչ միջոցառումներ և վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում։

Վարժանքն ացկացվում էր «Աջակցություն Հայաստանում արդյունաբերական կուտակիչ ավազանների՝ պոչամբարների անվտանգության բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են ՀՀ ԱԻ նախարարությունը և «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն։ Ծրագիրը ֆինանասվորվում է Գերմանիայի բնապահպանության նախարարության կողմից: Նպատակն է աջակցել Հայաստանում ու Վրաստանում արդյունաբերական ձեռնարկությունների ու ոլորտի իրավասու մարմինների կարողությունների զարգացմանը։

14:58 Հուլիս 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news