Մաշտոցի այգի` ոստիկանությունը զգուշացնում է

Մաշտոցի այգի` ոստիկանությունը զգուշացնում է

ԷկոԼուր

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ` Մաշտոցի այգու կառուցապատման հարցում հասարակության եւ քաղաքային իշխանությունների միջեւ դիմադրությամբ պայմանավորված լրված իրավիճակի կապակցությամբ:

«Մաշտոցի պողոտային հարող այգում շինարարական աշխատանքների առնչությամբ բնապահպանական և այլ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում նշել հետևյալը:

ՀՀ ոստիկանությունը լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված և չվիճարկված վարչական ակտերի, այդ թվում` շինարարակական թույլտվության իրավաչափությունը: Դա որոշելու լիազորությունը պատկանում է բացառապես  վարչական դատարանին: Հետևաբար ոստիկանությունը պարտավոր էր թույլ չտալ միջամտություն հիշատակված շինարարական աշխատանքներին, ապահովելով Մաշտոցի պողոտային հարող այգում հասարակական կարգի պատշաճ պահպանությունը, այդ թվում նաև այդ աշխատանքները խոչընդոտող անձանց և շինարարների անվտանգությունը: Ուստի հասարակական կարգի պահպանմանն ուղղված ոստիկանության պահանջները միանշանակ  բխել են օրենքից:

ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ փաստել է, որ թույլատրված շինարարական աշխատանքների խոչընդոտումը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի և հասարակական անվտանգության խախտումների  առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնում է վարչական պատասխանատվության: ՀՀ ոստիկանությունն իրավասու էր կիրառելու վարչական հարկադրանքի միջոցներ, սակայն, ոստիկանության կանխարգելիչ լիազորությունների շրջանակներում` ելնելով լարվածության թուլացման սկզբունքից, ձեռնպահ է մնացել այդ միջոցների կիրառումից:

Միևնույն ժամանակ, ոստիկանությունն առավել վտանգավոր է համարում հավաքի մասնակիցների այն կոչերը, որոնք ուղղված են նրանց կողմից ոստիկանության պահանջները չկատարելուն: Ոստիկանությունը գտնում է, որ դրանց միակ նպատակը իրավիճակի արհեստական սրումն է:

Կարևորելով հանրության տարբեր տեսակետները և հանրային իրազեկվածության բարձրացումը, ՀՀ ոստիկանությունը իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացնելու կլոր սեղանի շուրջ քննարկումներ՝ ոստիկանության գործողությունների իրավական հիմքերին վերաբերող հիմնահարցերով:

Քննարկումները տեղի կունենան փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ոստիկանության շենքում (հասցեն՝ Նալբանդյան 130):

Շահագրգիռ կազմակերպություններին խնդրում ենք մասնակցության հայտերը (ներկայացուցչի տվյալները) ներկայացնել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, մինչև փետրվարի 27-ի ժամը 16.00-ն (հասցեն՝ Նալբանդյան 130, ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ, հեռ.՝ 54-73-14, էլեկտրոնային փոստի հասցեներ՝ [email protected], [email protected])»,- ասված է հայտարարության մեջ:

Փետրվար 22, 2012 at 15:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր