Բնապահպանության նախարար. «Ունենք առնվազն 20 ՓՀԷԿ, որոնք 30-50 տոկոս ավելի ջրառ են իրականացրել»

Բնապահպանության նախարար. «Ունենք առնվազն 20 ՓՀԷԿ, որոնք 30-50 տոկոս ավելի ջրառ են իրականացրել»

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունն ուսումնասիրում է փոքր ՀԷԿ-երի ոլորտի խախտումները: Նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով` արդեն կան բացահայտված փոքր ՀԷԿ-եր, որոնք իրենց տրված ջրօգտագործման թույլտվությունների չափաքանակից ավելի ջրառ են իրականացրել:
«Կա բանաձև, որի միջոցով արտադրված էլեկտրաէներգիայից հետ են գալիս վերցված ջրառի չափերը: Ունենք առնվազն 20 ՓՀԷԿ, որոնք, ըստ մեր բանաձևի, 30-50 տոկոս ավելի ջրառ են իրականացրել: Օրենսդրությամբ նախատեսված է ժամանակահատված, որը տրվում է խախտումները վերացնելու համար, որից հետո կա իրավական հնարավորություն ուղղակի դադարեցնել այդ թույլտվությունները», - ասաց Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Անդրադառնալով Եղեգիս գետի ՓՀԷԿ-երին` Էրիկ Գրիգորյանը նշեց, որ օրենքի համաձայն հնարավոր չէ Եղեգիսի վրա նոր ՓՀԷԿ կառուցել, քանի որ գետի 40 տոկոսից ավելին արդեն դերիվացիոն խողովակների մեջ է: Սա նշանակում է, որ Եղեգիսի վրա ՓՀԷԿ-ի կառուցման համար նոր նախագծերը ստանալու են բացասական եզրակացություն:

«Կա 2 ՓՀԷԿ, որոնք արդեն ունեն ջրօգտագործման թույլտվություն, սակայն դեռ չեն անցել բնապահպանական փորձաքննություն: Եվ եթե նրանք դիմեն գետի ռեսուրսն օգտագործելու նպատակով, փորձաքննությունը պետք է բացասական եզրակացություն տրամադրի, քանի որ գետի դերիվացիոն խողովակներով ծանրաբեռնվածությունը գերազանցում է սահմանված չափը: Սակայն նախկինում տրված թույլտվությունների, եզրակացությունների մասով, եթե դրանք տրվել են օրենսդրության շրջանակներում, դադարեցման կամ կասեցման հետ կապված իրավական հարցեր կան քննարկելու», - նշեց Էրիկ Գրիգորյանը:
Նա կոչ արեց այն տնտեսվարողներին, որոնք ջրօգտագործման թույլտվությունները ստացել են շատ ավելի մեծ ծավալով, քան իրականում դրա կարիքը կար, կամավոր դիմեն բնապահպանության նախարարություն, որպեսզի իրենց տրված ջօգտագործման թույլտվության ծավալները նվազեցվեն:

13:47 Հունիս 11, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news