Անհրաժեշտ է երաշխավորել ՀԿ-ների արդարադատության մատչելիության իրավունքը, ստեղծել էկոլոգիական իրավունքի պաշտպանության արտադատական մարմին. ՄԻՊ

Անհրաժեշտ է երաշխավորել ՀԿ-ների արդարադատության մատչելիության իրավունքը, ստեղծել էկոլոգիական իրավունքի պաշտպանության արտադատական մարմին. ՄԻՊ

ԷկոԼուր

Անհրաժեշտ է օրենսդրորեն երաշխավորել հասարակական կազմակերպությունների արդարադատության մատչելիության իրավունքը, ստեղծել էկոլոգիական իրավունքի պաշտպանության արտադատական մարմին, սահմանել հանրային լսումների վերաբերյալ հանրությանը ծանուցելու առավել երկար ժամկետներ:

Այս պահանջները ներկայացված են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2019 թ-ի տարեկան հաղորդման մեջ:

ՄԻՊ-ը նշում է, որ շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ հանրային իրազեկման և պատշաճ ներգրավվածության հարցերը իբրև միջազգային պահանջ արտացոլված են Օրհուսի կոնվենցիայի Կողմերի հանդիպմամբ հաստատված մի շարք որոշումներում: Հայաստանի վերաբերյալ առաջարկվում է շարունակել աշխատանքները՝ ուղղված հանրային լսումների պատշաճ իրականացմանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում հանրության կողմից դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար ավելի երկար ու ողջամիտ ժամկետների սահմանմանը, Օրհուսի կոնվենցիայով ամրագրված արդարադատության մատչելիության ապահովմանը: Ըստ Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության Կոմիտեի 2017 թ-ի եզրակացության՝ ՀՀ-ն դեռևս չի կատարել Կողմերի հանդիպմամբ հաստատված որոշման մի շարք պահանջներ:

ՇՄԱԳ օրենքի փոփոխության անհրաժեշտության մասին

Զեկույցում շեշտվում է, որ Օրհուսի կոնվենցիայի և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի միջև առկա են որոշակի հակասություններ՝ կապված հանրության ծանուցման ժամկետների հետ: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է լիազոր մարմնի պարտականությունը հանրությանը ծանուցել ձեռնարկողի ներկայացրած հայտի, հաշվետվությունների և փորձաքննական եզրակացության նախագծի մասին լսումներից առնվազն 7 աշխատանքային օր առաջ։ Այս առումով ուշագրավ են նախկին կարգավորումները, որոնք գործել են մինչև 2014 թ-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Այսպես, 1995 թ-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ազդակիր համայնքի ղեկավարները և ձեռնարկողը ծանուցումը ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, կազմակերպում են նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումներ (որի արարողակարգը որոշում է ՀՀ կառավարությունը)` լրատվական միջոցներով տեղեկություններ հաղորդելով նախատեսվող գործունեության, լսումների տեղի և ժամկետի մասին: Նույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ լիազորված մարմինը, ազդակիր համայնքի ղեկավարները և ձեռնարկողը 30 օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում ու ապահովում են հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը և լսումները։ Օրենքի հիշյալ դրույթների և կիրառվող պրակտիկայի՝ Օրհուսի կոնվենցիային անհամապատասխանության հարցը բարձրացված է նաև Օրհուսի կոնվենցիայի Կողմերի հանդիպմամբ հաստատված որոշումներում: Այս առումով, Կողմերի հանդիպման արդյունքում խնդրահարույց են համարվել օրենքով նախատեսված ժամկետները:

ՀԿ-երի համար արդարադատության մատչելիության անհրաժեշտության մասին

Ըստ ՄԻՊ-ի զեկույցի՝ Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն քննարկել է նաև հասարակական կազմակերպությունների համար արդարադատության մատչելիության հարցը: Անդրադառնալով ՀՀ օրենսդրությանը՝ Կոմիտեն դրական է գնահատել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները, որոնց համաձայն՝ հասարակական կազմակերպությունը իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Դրա հետ մեկտեղ, Կոմիտեն մտահոգիչ է համարել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, որոնք հայց ներկայացնելու համար որպես նախապայման են նախատեսում հիմնադրույթային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին մասնակցած լինելը կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորության բացակայությունը: Մասնավորապես, Կոմիտեն նշել է, որ այդպիսի կարգավորումը, որով նախապայմաններ են սահմանվում արդարադատության մատչելիության համար, չի համապատասխանում Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասին:

Էկոլոգիական իրավունքի պաշտպանության արտադատական մարմնի ստեղծման անհրաժեշտության մասին

ՄԻՊ-ը շեշտում է, որ անկախ և անաչառ մարմնի կողմից վեճերի քննման ընթացակարգերի անհրաժեշտության մասին են վկայում նաև Օրհուսի կոնվենցիայի դրույթները: Մասնավորապես, էկոլոգիական իրավունքների խախտման համար դատական և արտադատական պաշտպանության դիմելու իրավունքի ճանաչումը կարևորում է Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածով: Այս առումով, անհրաժեշտ է նշել, որ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ-ի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 483-Ն որոշման հավելված 1-ի 57-րդ կետով որպես միջոցառում նախատեսված է. «Շրջակա միջավայրի օրենսդրությունը և ոլորտի քաղաքականությունը համապատասխանեցնել Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ կայացրած որոշումներին, մասնավորապես, շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության ազատության, որոշումների ընդունմանը հանրության արդյունավետ մասնակցության և դատական մատչելիության հարցերում»։ Նույն միջոցառման իրականացման համար ժամկետ է սահմանված 2017-2019թթ. պարբերաբար: Չնայած ներկայացվածին՝ նախատեսված միջոցառումը մինչ օրս չի կատարվել, ինչի արդյունքում շարունակում է արդիական մնալ կենտրոնացված մշտադիտարկող անկախ և անաչառ արտադատական մարմնի ստեղծման հարցը:Ուստի, ոլորտի խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ դեռևս պետք է իրականացնել շարունակական գործողություններ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ի կատարումն Կողմերի հանդիպմամբ ընդունված հանձնարարականների ՄԻՊ-ն արձանագրել է, որ անհրաժեշտ է ` 1. « Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին » 2014 թվականի ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ վերջինիս 26 - րդ հոդվածի 2 - րդ մասի 1 ին կետի կարգավորումները համ ապատասխանեցնելով Օրհուսի կոնվենցիային և սահմանելով հանրային լսումների վերաբերյալ հանրությանը ծանուցելու առավել երկար ժամկետներ, 2. օրենսդրորեն երաշխավորել հասարակական կազմակերպությունների արդարադատության մատչելիության իրավունքը՝ Համապատասխանության կոմիտեի առաջարկություններին համահունչ, 3. քայլեր ձեռնարկել ուղղված՝ Օրհուսի կոնվենցիայով նախատեսված անկողմնակալ անկախ արտադատական մարմնի ստեղծմանը:

Ապրիլ 15, 2020 at 15:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր