

Եղեգիս գետի վրա գործող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվություններն (ՋԹ) այս պահին գտնվում են վերանայման փուլում։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Եղեգիս գետի վրա գործող փոքր ՀԷԿ-երի էկոլոգիական թողքին առնչվող խնդիրներին ծանոթանալու նպատակով այցելել է Վայոց ձորի մարզ, մասնագետների հետ քննարկել գետահատվածում փոքր ՀԷԿ-երին տրված ջրօգտագործման թույլտվություններին վերաբերող մի շարք հարցեր։
Վահե Ջիլավյանն այցելել է նաև Արփա-Սևան ՓԲԸ՝ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։
Հիշեցնենք, որ օրերս խախտում էր արձանագրվել Եղեգիս գետի վրա գործող «Եղեգ» ՓՀԷԿ-ում։ «Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող ՓՀԷԿ-ի կողմից գետից սահմանվածից ավելի շատ ջրառ իրականացնելու արդյունքում շրջակա միջավայրին պատճառվել էր ավելի քան 3 միլիոն դրամի վնաս։
Եղեգիս գետի վրա ներկայումս կառուցված է 10 փոքր ՀԷԿ, կառուցման փուլում են ևս երեքը: 47 կմ երկարությամբ Եղեգիսը 50 տոկոսից ավելի երկարությամբ տարածքում հոսում է ՓՀԷԿ-երի խողովակների միջով:
Հուլիս 15, 2020 at 18:46