ԷկոԼուր
Սույն թվականի ապրիլի 13-ին` ժամը 13:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49/2, մուտքը բակի կողմից), տեղի կունենա սոցիալական և էկոլոգիական իրավունքների պաշտպանության նոր գործիքի` «Կանաչ» իրավունքների խախտումների ռեեստրի ներկայացումը և քննարկումը:
«Կանաչ» իրավունքները մարդուն ի ծնե տրված իրավունքներն են, առանց որոնց կյանքն անհնար է: Մարդն ունի բարենպաստ շրջակա միջավայրի իրավունք, որտեղ նա կարող է ապրել առանց իր առողջության և սեփական գործի նկատմամբ վնասի: Մարդու առողջության, անվտանգության, հավասարակշռված շրջակա միջավայրի իրավունքներն ինքնին մարդու բնական «կանաչ» իրավունքներն են և նախապայման են նրա մյուս բոլոր իրավունքների իրականացման համար:
«Կանաչ» իրավունքների խախտումների ռեեստրը միտված է` բարձրացնելու մարդկանց իրազեկվածությունն իրենց հիմնարար իրավունքների, այդ իրավունքները պաշտպանող օրենսդրության, որոշումներ կայացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարողի պատասխանատվության վերաբերյալ և խթանելու մարդկանց մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության գործում:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՀ Լոռու մարզի Շնող, Թեղուտ և Արդվի գյուղերի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի, ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր, Վերնաշեն, Գնդևազ գյուղերի և Ջերմուկ առողջարանի, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչների «կանաչ» իրավունքների խախտումները, որոնք հավաքագրված են ռեեստրներում: Ելույթներ կունենան բիզնես ծրագրերի և ՀՀ պետական ծրագրերի արդյունքում իրենց «կանաչ» իրավունքների պաշտպանության համար պայքարող համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ապրիլ 12, 2018 at 16:32