«Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը» անկառավարելի ռիսկեր է պարունակում Սեւանա լճի համար

«Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը» անկառավարելի ռիսկեր է պարունակում Սեւանա լճի համար

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ
պարոն Տիգրան Սարգսյանին

ՀՀ բնապահպանության նախարար
պարոն Արամ Հարությունյանին

ՀՀ ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
պարոն Մարտուն Գրիգորյանին

ՀՀ ԳԱԱ-ին  առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ
պարոն Վլադիմիր Մովսիսյանին

 

Մենք`հասարակության ներկայացուցիչներս, կարծում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը պետք է բացասական եզրակացություն տա «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծական զարգացման ծրագրին» առաջին հերթին այն պատճառով, որ ծրագիրը հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին:

Ծրագրով նախատեսված է Սեւանա լճում իշխանի արհեստական բուծում ազոտ եւ ֆոսֆոր պարունակող արհեստական կերի հաշվին: Դրանք տարրեր են, որոնք նպաստում են լճի ճահճացմանը եւ ջրի որակի վատթարացմանը: Միեւնույն ժամանակ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի նախաբանում ասված է. « Սույն օրենքը սահմանում է Սեւանա լճի՝ որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) եւ հոգեւոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ՝ վերարտադրություն), պահպանման եւ դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆ Է»:

Սեւանա լիճը գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության`  ի դեմս «Սեւան» ազգային պարկի հսկողության ներքո: Կառավարվում է երկու օրենքներով` «Սեւանա լճի մասին»  եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին»  ՀՀ օրենքներով, եւ ունի հաստատված կառավարման պլան: Աակայն ծրագրում ոչինչ ասված չէ ոչ օրենքների դրույթներին, ոչ կառավարման պլանին համապատասխանության մասին: Ծրագիրն ընդհանրապես չի պարունակում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական (ՇՄԱԳ), որը հենց պետք է դառնա բնապահպանական փորձաքննության դիտարկման առարկան` համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՀՀ օրենքի: Հետեւաբար, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը պետք է մերժի ծրագրի դիտարկումը նաեւ ՇՄԱԳ-ի բացակայության պատճառով:

Այս ծրագրում ներառված պիլոտային նախագծի արդյունքները անբավարար են եւ չեն համապատասխանում ծրագրի հավակնոտ մասշտաբներին: Հաշվարկներն արված են նախնական արդյունքների հասարակ բազմապատկմամբ միջոցով, ինչը բացարձակապես չի համապատասխանում էկոհամակարգերի մոդելավորման դեպքում:

Նշենք, որ պիլոտային նախագծում բացակայում են տվյալները, որոնք թույլ են տալիս հաշվել հնարավոր ռիսկերը եւ բացասական ազդեցությունները, տվյալներ չկան լճի հատակում աղտոտիչ նյութերի կուտակման մասին: Գրականության տեսության փոխարեն, որտեղ ներկայացված է լինում ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձը, ներկայացված են մի քանի ինտերնետային հղումներ` խղճուկ տվյալների պաշարով: Սակայն գիտական հարուստ փորձը վկայում է, որ ցանցավանդակային ձկնաբուծության էկոլոգիական ռիսկերը մեծ են հենց մասշտաբային ծրագրերում: Ներկայացնում ենք մի քանի մեջբերումներ գիտական հետազոտություններից.

1. «Արհեստական եղանակով բուծվող ձկան, այդ թվում իշխանի եւ այլ հիդրոբիոնտների մասշտաբային աճն ամենից հաճախ ուղեկցվում է ջրային էկոհամակարգերի դեգրադացիայով, աճող օբյեկտների եւ բնական ջրամբարների աբորիգեն ներկայացուցիչների շրջանում զանգվածային հիվանդությունների բռնկումով, ձկների վրա ապակայունացնող ազդեցության ուժեղացմամբ, բնական եւ անտրոպոգեն ծագման սթրեսային տարբեր գործոններով» (Маклакова и др.,2009; др., Казимирченко, 2006):

2. «Աճեցվող ձկան եւ կերի մնացորդի նյութափոխանակության արտադրանքի ծավալների  ավելացման դեպքում ավելանում է անտրոպոգեն ազդեցությունը, եւ տեղի են ունենում ջրային էկոհամակարգերի վիճակի զգալի փոփոխություններ, որոնք  դրսեւորվում են որոշ հիդրոքիմիական ցուցանիշների փոփոխությամբ (ազոտի, ֆոսֆորի եւ այլ տարրերի միավորում), հիդրոգիբրիտների կենսագործական գործընթացների իրականացման վրա ազդեցության ուժեղացմամբ (վերատադրողական համակարգի խախտում, քաշային չափսերի ցուցանիշների խախտում եւ այլն) եւ նաեւ ջրային կառույցների քանակական եւ որակական ցուցանիշների փոփոխությամբ: Աղտոտման աղբյուրի ուժեղ ազդեցության դեպքում ինչպես առանձին օրգանիզմներում, այնպես էլ ողջ էկոհամակարգում առաջանում են էական, ամենից հաճախ անդառնալի փոփոխություններ: Էկոհամակարգն անցնում է գործելու այլ մակարդակի, կարող է փոխվել նույնիսկ ջրամբարի  բերքատվությունը» (“Способ оценки влияния садковой аквакультуры на состояние водной экосистемы (RU 2447435)”, Л.Рыжков, Петрозаводск, 2004):

3. «Սաղմոնի բուծումը եւ ինդուստրիալ ցանցավանդակային սաղմոնաբուծությունը հանգեցնում են ձկների վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների տարածման: Տվյալ դեպքում որպես ռիսկի չափանիշներ են հանդես գալիս տարածաշրջանում (բնական կամ արհեստական պայմաններում) ձկնային օրգանիզմների համար նոր պաթոգենների ի հայտ գալը, ինչպես նաեւ արդեն իսկ գոյություն ունեցող պարազիտներ եւ հիվանդություններ առաջացնող միկրոօրգանիզմների քանակի ավելացումը” («Разработка комплексных методов сохранения разнообразия эксплуатируемых популяций проходных видов лососёвых рыб в северных и дальневосточных регионах России», Мурманский морской биологический институт Кольского научного центра РАН, Государственный контракт N 02.515.12.5003 от 04 августа 2008 г.):

4. «Ամսվա մեջ մեկ անգամից ավելի ցանցավանդակային  եղանակով աճեցրած սաղմոնի օգտագործումը ավելացնում է քաղցկեղով հիվանանալու ռիսկը:  Աճեցված սաղմոնը պարունակում է 10 անգամ ավելի շատ պոլիքլորացված դիֆենիլ եւ դիոկսին, քան վայրի սաղմոնը: Կանոնավոր կերպով ցանցավանդակային եղանակով աճեցված ձկան օգտագործումը հանգեցնում է տեսողության, հետ կապված խնդիրների, քանի որ կերը պարունակում է կանտակսանտին: Կանտակսանտինի բարձր պարունակությունը առաջացնում է աչքի ծիածանաթաղանքի քայքայում:  Սաղմոնի ակվակուլտուրան ձկան բուծում է ֆերմաներում` ծովում տեղադրված ցանցավանդակներում: Յուրաքանչյուրում կերակրվում է բավականին շատ մանրաձուկ, եւ հենց այնտեղ ել հրաշալի պայմաններ են ստեղծվում տարբեր հիվանդությունների համար, որոնց համար ֆերմերներն օգտագործում են հակաբիոտիկներ եւ այլ դեղեր, ինչը լուրջ հետեւանքների է հանգեցնում: Մարդը, սնվելով ցնցավանդակային եղանակով աճեցված սաղմոնով, ստանում է զգալի քանակությամբ այդ նյութերից: Բացի այդ, կյանքը սահմանափակ տարածության մեջ նպաստում է ձկների մեջ ոչ միայն տարբեր հիվանդությունների առաջացմանը, այլեւ պարազիտների բազմացմանը» ( Двинско-Печорское территориальное управление Росрыболовства, 2014):

Մենք կարծում ենք, որ լճի էկոհամակարգի քայքայումը, ջրի որակի վատթարացումը, Սեւանում մնացած ձկների շրջանում համաճարակի բռնկման վտանգը կարող է անդառնալի եւ աղետալի հետեւանքներ ունենալ ողջ երկրի եւ ողջ տարածաշրջանի համար: Իշխանի եւ այլ ձկնատեսակների բազմացումը պետք է տեղի ունենա Սեւանա լճի էկոհամակարգի բնական պայմաններում, որի պաշտպանությունն ու պահպանությունը դրված է «Սեւան» ազգային պարկի  եւ ՀՀ բնապահպանության նախարարության վրա:

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» ՀԿ նախագահ

Սիլվա Ադամյան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ

Գագիկ Սուխուդյան, «Էկոմոս»

Գրետա Գաբրիելյան, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ նախագահ

Ամալյա Համբարձումյան, «Խազեր» էկոմշակութային ՀԿ նախագահ

Մամիկոն Ղասաբյան, Թռչունների պաշտպանության հայկական ասոցիացիա

Ելենա Մանվելյան, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

Դիմումը ուղարկվելու է սույն թվականի հունվարի 30-ին` ժամը 12:00-ին: Բոլոր ցանկացողները կարող են միանալ:

16:00 Հունվար 29, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news