Գագիկ Թադևոսյան՝ մենք հավատում ենք հանրապետության նախագահին, նա թույլ չի տա, որ այս ազգային հարստությունը ոչնչացվի

Գագիկ Թադևոսյան՝ մենք հավատում ենք հանրապետության նախագահին, նա թույլ չի տա, որ այս ազգային հարստությունը ոչնչացվի

ԷկոԼուր 

Մարտի 17-ին մի շարք հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական նախաձեռնություններ ստորագրեցին Սևանա լճի խնդրի վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումը:

Հասարակայնության անհանգստությունն  են առաջացրել կառավարության  ընդունած որոշումը, որը նախատեսում է փոփոխություններ կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում՝ 5 տարի ժամկետով Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան քանակը նախկին 170 միլիոն խմ-ից  մինչև 240 միլիոն խմ հասցնելու համար եւ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որով նախատեսվում է Սևանա լճում ցանցավանդակային եղանակով մինչեւ 2023 թվականը տարեկան 50 հազար տոննա իշխան բուծել՝ ձկներին կերակրելով ազոտ եւ ֆոսֆոր պարունակող կերով։

 «Մենք հավատում ենք հանրապետության Նախագահին, մենք հավատում ենք, որ նա թույլ չի տա, որպեսզի սերունդների  ազգային հարստությունը ոչնչացվի, ազգային պաշարները աղտոտվեն»,- «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սևանա  լճի  մասին»ՀՀ օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը:

Գագիկ Թադևոսյանի խոսքով`այս ծրագրերով խախտվում են «Սևանա  լճի  մասին» ՀՀ օրենքի միանգամից մի քանի հոդվածներ:

«Խախտվում են «Սևանա  լճի  մասին» ՀՀ օրենքի 10, 11, 13, 15, 16, 28 հոդվածները: Ըստ 10 -րդ հոդվածի` արգելվում է կենտրոնական անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում Սևանա լճիէկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն,- ասաց Գագիկ Թադևոսյանը,- առաջին խախտումն այն էր, երբ Սևան լցվող բոլոր գետերի վրա տեղադրեցին փոքր ՀԷԿ-եր, հիմա էլ լճի ջրավազանի մեջ ցանկանում են 74 ձկնաբուծարաններ ստեղծել, աճեցնել 50000 տոննա ձուկ` 50000 տոննա ֆոսֆորական-ազոտական հիմքերով կեր լցնելով ջուրը, որը շատ վտանգավոր է լճի էկոհամակարգի համար: Խախտվում է նաև հոդված 11-րդը, ըստ որի, ջրի հաշվեկշիռը Սևանում պետք է  լինի միայն դրական, բացառված է՝ լինի բացասական, բայց քանի որ համառորեն Արփա-Սևան ջրատարը չի վերանորոգվում, վերանորոգումը չի ավարտվում, այն ֆիզիկական ծավալները ջրերի, որոնք պետք է լցվեն՝ 250 մլն խմ ջուր պետք է լցվի Կեչուտի ջրամբարից, չի լցվում։ 165 մլն խմ ջուր Որոտանով պիտի գա Կեչուտի ջրամբար և լցվի Սևան, չի գալիս։ Միայն, փաստորեն, 170 մլն խմ ջուրը հիմնականում գետերից լցվող ջրերն են, բայց դա բավարար չէ, որ դրական հաշվեկշիռը պահպանվի...Եթե մենք չկարողանանք ապահովել ջրի բարձրացումը, չենք կարողանա ապահովել այսօրվա ջրի մակարդակը: Իսկ հենց իջեցրեցին ջրի անշեղ բարձրացումը, մենք նորից վտանգում ենք Սևանա լիճը որպես քաղցրահամ խմելու ջուր»:  Գագիկ Թադևոսյանը նաև նշեց, որ ձուկն էլ, իհարկե,  էկոլոգիական համակարգի կարևոր և անբաժանելի մասն է, բայց, ըստ օրենքի, ձկնաբուծությունը պետք է լինի միայն բնական ճանապարհով:

«Այս ծրագրերը հակասում են նաև միջազգային կոնվենցիաներին, որոնք վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը: Եթե Սևանի շուրջ չլինեին բնակավայրեր, Սևանա լիճը կլիներ բնական հուշարձան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի  կողմից կպաշտպանվեր որպես բնական հուշարձան: Սևանա լիճը միայն մեր ազգային հարստությունը չէ, դա տարածաշրջանային հարստություն է, համամարդկային հարստություն է և ազգային անվտանգության կարևորագույն երաշխիքն է: Ես կոչ եմ անում մեր հասարակությանը ձայն բարձրացնել և անպայման պայքարել, որպեսզի այն նոր բերվող աղետը՝ այս երկու ծրագրերը, Ազգային Ժողովում չանցնեն»,- ասաց Գագիկ Թադևոսյանը:

Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը՝ ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը, բարձրաձայնեց Սևանա լճի կառավարման հիմնախնդրի մասին`նշելով, որ Սևանա լիճը գտնվում է խիստ անհավասարակշիռ վիճակում, և նման վիճակում լճի վրա նոր փորձարկումներ չի կարելի անել: «Տեղի է ունեցել ֆոսֆորի կոնցենտրացիայի անդառնալի անկում և ազոտի կոնցենտրացիայի անդառնալի բարձրացում։ Ինչով որ Սևանա լիճն աշխարհում եզակի էր, այժմ մենք այդ եզակիությունը կորցրել ենք անդառնալի: Պատճառն այս տասնյակ տարիների ընթացքում ջրի բացթողումներն են: Բացի դրանից, ռեալ ոչ մի մաքրման կայան Սևանա լճի ափին չի աշխատում, և կա կենցաղային ջրերի ներհոսք։ Մյուս կարևոր գործոնը, որն աղտոտում է լիճը և բարձրացնում սնուցիչ նյութերի կոնցենտրացիան՝ կենցաղային աղբն է»,- ասաց Սեյրան Մինասյանը՝ ընդգծելով, որ անպայմանորեն պետք է շարունակել լճի մակարդակի բարձրացումը:

Հաջորդ կարևոր խնդիրը, որն առանձնացրեց Սեյրան Մինասյանը՝ ազգային անվտանգության խնդիրն է.  «Եկեք չմոռանանք 90-ականների սկիզբը, երբ կար շրջափակում, կար պատերազմ, ճանապարհները փակ էին, չկար էլեկտրականություն և չկար սննդամթերք, և այդ պահին մեզ փրկեց Սևանա լիճը. արվեցին ջրի բաղթողումներ, որը գոնե որոշակիորեն ապահովեց էլեկտրական հոսանքով և օգտագործվեց բավականին մեծ քանակի ձկան պաշար, որով սնվեց և ժողովուրդը, և բանակը:  Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ իրավիճակը չի կրկնվի»:

Մանրամասները` տեսանյութում: 



Մարտ 18, 2014 at 09:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր