ԷկոԼուրի հայտարարությունը` Արթուր Գրիգորյանին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին

ԷկոԼուրի հայտարարությունը` Արթուր Գրիգորյանին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից հունվարի 21-ին ազատվեց Արթուր Գրիգորյանը:

ԷկոԼուրի համոզմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ նոր կառավարության այն եզակի գործիչներից մեկը, ով ունի կամային հատկանիշներ: Տեսչության ղեկավարի պաշտոնում աշխատած ամբողջ ժամանակահատվածում Արթուր Գրիգորյանը գործել է թափանցիկ, սկզբունքային, օբյեկտիվ և բացառապես իր իրավասությունների շրջանակներում: Նա մշտապես երկխոսել է հասարակության մասնագետ ներկայացուցիչների հետ`ձևավորելով Հայաստանում ծառացած խնդիրների լուծման համար կառավարության մարմնի և հասարակության համագործակցության, քննարկումների հարթակ: Նա իր գործունեությամբ նոր որակ և նոր աշխատաոճ բերեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որը լիովին համապատասխանում էր թավշյա հեղափոխության ոգուն, և նպաստեց, որպեսզի բնապահպանության ոլորտում կայացվող քաղաքական որոշումները հիմնված լինեն ճիշտ փաստերի և ճիշտ գնահատականների վրա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ քայլ անի դեպի ժողովրդավարություն:

Տարակուսանք է առաջացնում այն, որ Արթուր Գրիգորյանին ազատելու որոշումը հրապարակվել է առանց հիմնավորման և անպատասխանատու բիզնեսին օրենքի դաշտ բերելու ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ակտիվ գործունեության ժամանակաշրջանում:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը նոր հանգամանքներ ներկայացրեց Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ և ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկեց հետ կանչել ծրագրին տրված բնապահպանական եզրակացությունը և անցկացնել բնապահպանական նոր փորձաքննություն: Արթուր Գրիգորյանի օրոք Ալավերդու պղնձաձուլարանը տուգանվեց 380 միլիոն դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնասի համար: «Արմօյլ» ՓԲԸ-ին պարտավորեցվել է ձեռնպահ մնալ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում իրականացվող նավթամթերքի արտադրական գործունեության հետ կապված որևէ աշխատանք (գործունեություն) իրականացնելուց՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացություն ստանալը:

Նախկին կառավարման արդյունքում անդունդում հայտնված Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրի կառավարումը լինի թափանցիկ, պատասխանատու և հասարակության ակտիվ ներգրավմամբ: Միայն այս պայմաններում մենք կունենանք երկրի զարգացում և բաց կառավարման համակարգ, ինչի համար մենք տվել ենք մեր քվեն:

14:34 Հունվար 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news