ԷկոԼուր
ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչ Մակեդոն Ալեքսանյանը մտադիր է դիմել Եվրոպական դատարան Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցով:
Ամուլսարի ոսկու հանքավայրը, որը պատրաստվում է շահագործել «Lydian International» ընկերությունը, գտնվում է Ջերմուկ առողջարանային քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Հանքի շահագործման վերջին նախագծով` ազդակիր համայնքներ են ճանաչվել Գնդեվազ, Գորհայք եւ Սարավան փոքր համայքները, սակայն Ջերմուկը չի ընդգրկվել ազդակիր համայքների շարքում:
«Բնապահպանության նախարարությունը երկու անգամ դիմել է Ջերմուկի քաղաքապետարան, որպեսզի հասարակական լսումներին մասնկացեն, իրենց կարծիքը հայտնեն: Սակայն նրանց չեն արձագանքել»,- նշեց Մակեդոն Ալեքսանյանը: Ի պատասխան Մակեդոն Ալեքսանյանի հարցման` ՀՀ բնապահպանության նախարարությունը պաշտոնական նամակով հայտնեց. «Ամուլսարի հանքավայրի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով 08.05.2012թ., իսկ մասնագիտական եզրակացության հասարակական լսումներին մասնակցելու նպատակով 23.07.2013թ. գրություններով` «Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ը դիմել է Ջերմուկի քաղաքապետարանին, որտեղից առ այսօր որեւէ պատասխան չի ստացվել»:
Ամուլսարի հանքավայրի շահագործման Ջերմուկի ազդակիր համայնք ճանաչելու հայցով Ջերմուկի բնակիչները դիմել են դատարան: «Հիմա Հայաստանում մենք բոլոր դատական ինստանցիաները անցել ենք` սկսած Առաջին ատյանի դատարանից մինչեւ Վճռաբեկ դատարան… Եվ մեզ մերժել են: Պատրաստվում եմ դիմել Եվրոպական դատարան»,- ասաց Մակեդոն Ալեքսանյանը:
Հոկտեմբեր 08, 2013 at 17:38