«ՎՏԲ, սխալ մի՛ գործիր». Թեղուտի պաշտպանները մեղադրում են բանկին (Լուսանկարներ)

«ՎՏԲ, սխալ մի՛ գործիր». Թեղուտի պաշտպանները մեղադրում են բանկին (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«ՎՏԲ, սխալ մի՛ գործիր», «Արմատախիլ անենք Թեղուտը քաղցկեղից» ,«Թեղուտ` մեր կանաչ հայրենիք»: Այսպիսի գրությամբ պաստառներով եւ «ամոթ» վանկարկելով` բնապահպան-ակտիվիստները եւ մի խումբ  մտահոգ քաղաքացիներ հոկտեմբերի 10-ին հերթական անգամ դուրս էին եկել իրենց բողոքը հայտնելու Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի դիմացից շարժվեցին դեպի ՎՏԲ բանկ: 

Ակտիվիստները մեղադրեցին վերոնշյալ բանկին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագիծը ֆինանսավորելու համար. «Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին չօգտվել այս բանկի ծառայություններից, քանի որ այն ֆինանսավորում է էկոլոգիապես կործանարար ծրագիր»,- քաղաքացիներին դիմում էին ակտիվիստները:

Մեղադրանքները շարունակվեցին «Վալլեքս Գրուպ»-ի գրասենյակի մոտ: ««Վալլեքս Գրուպ»-ը, որը շահագործում է Թեղուտի հոգին, հպարտությամբ նշում է , որ այդ հանքը լինելու է տարածաշրջանում ամենախոշորը և ամենամեծ պոչամբարն է ունենալու: Հետաքրքիր է, խոշոր թույնո՞վ ենք հպարտանալու, թե՞ ամենաթունավոր նյութերով և մետաղներով լի պոչամբարով: Այդ ծանր մետաղների ազդեցությունից Սյունիքն արդեն կարելի է համարել մեռյալ գոտի: Թեղուտի հանքավայրի շահագործումը Հայաստանի վերջն է, մենք արդեն Սյունիքի վրա խաչ ենք քաշում, այն արդեն պիտանի տարածք չէ բնակության համար, և նույնը փորձում են անել Լոռիում»,- իր բողոքը հնչեցրեց բնապահպան-ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ  Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը Հայաստանի երկրորդ ամենախոշար պղնձամոլիբդենային հանքավայրն է, որը պատրաստվում է շահագործել «Վալլեքս Գրուպ»-ի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն: Ընկերությանը վարկ է տրամադրել ռուսական  ՎՏԲ բանկը: Ըստ պաշտոնական տվյալների հանքավայրի շահագործման համար հատվելու է 357հա անտառ, սակայն անկախ փորձագետների գնահատականով` կոչնչացվի մոտ 2000 հա անտառ:

17:48 Հոկտեմբեր 11, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news