Մարցագետը գողանում են…Քանի անգամ համայնքը դեմ է կանգնել ՓՀԷԿ-ին...

Մարցագետը  գողանում են…Քանի անգամ համայնքը դեմ է կանգնել ՓՀԷԿ-ին...

ԷկոԼուր

«Մարցագետը գողանում են… Քանի անգամ համայնքը դեմ է կանգնել ՓՀԷԿ-ին…Էդ ՀԷԿ-ից մի երկու հոգու գրպանն է հարստանում… Ամբողջ ջահելությունը դեմ է… Մի երկու հոգի համաձայնություն են տվել, այն էլ դա իրենց ձեռք է տալիս, ու ամբողջ ժողովրդի անունից  ներկայացնում են, որ գյուղը համաձայն է, բայց գյուղը համաձայն չի…»: Այպիսի պատասխաններ տվեցին Մարց գյուղի բնակիչները ԷկոԼուրի այն հարցին, թե կո՞ղմ են նրանք «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցմանը, թե՞ դեմ:

Արդեն մի քանի ամիս է ինչ Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները եւ «կանաչ» ակտիվիստները պայքարում են  «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ: Իսկ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցող «Մարցէներջի» ՍՊ ընկերության սեփականատեր Լիպարիտ Սիմոնյանը պնդում է, որ Մարց գյուղի բնակիչները կողմ են ՓՀԷԿ-ի կառուցմանը, իսկ ակտիվիստները վնաս են հասցնում ընկերության բարի համբավին եւ ահաբեկում ժողովրդին:

Նոյեմբերի 17-ին ԷկոԼուրի աշխատանքային խումբը Մարց գյուղում հարցում անցկացրեց. բնակիչները կո՞ղմ են, թե՞ դեմ ՓՀԷԿ-ի կառուցմանը: 15 հարցվածներից ՓՀԷԿ-ին կողմ էին միայն 2 հոգի, ովքեր համոզված էին, որ պետք է աշխատանք ստանան փոքր ՀԷԿ-ում: 5 հոգի չցանկացան պատասխանել այս հարցին: «Վախացնելով ուզում են ցույց տալ, որ բոլորն էլ համաձայն են, բայց ոչ մեկը համաձայն չի.. Վախացնելով իրանց գործը ուզում են առաջ տանել…»,- ասում էին գյուղացիները:

Այն հարցին, թե ինչպե՞ս կազդի փոքր ՀԷԿ-ը բնակիչների ապրելակերպի վրա, հարցվածներից, բացի վերը նշված երկու հոգու, պատասխանել են, որ ՓՀԷԿ-ը կունենա բացասական ազդեցություն եւ իրենց կյանքի որակը կվատանա. «Որ էդքան ՀԷԿ կառուցել են, ժողովուրդը կարգին լույս էլ չի  ունենում, մեկ էլ տեսնում ես` անջատում են…Լույսս ավելի է թանկացել: Որ կառուցեն, ինձ  ինչ դրանից»:

Այն հարցին, թե մասնակցե՞լ են հասարակական լսումներին, հարցվածներից 6-ը պատասխանեցին, որ մասնակցել են, սակայն իրենց կարծիքը հաշվի չեն առել:

Գյուղն իր դիրքորոշումը հայտնել է  դեռեւս սույն թվականի մարտի 12-ին` ՓՀԷԿ-ի նախագծի վերաբերյալ հասարակական լսումների ժամանակ դեմ արտահայտվելով ՓՀԷԿ-ի կառուցմանը (տե՛ս, ԷկոԼուրի տեսնայութը http://www.youtube.com/watch?v=pcXdFEUfc5g ): Բնակիչները նույնիսկ ստորագրահավաք են կազմակերպել, որտեղ ընտրելու իրավունք ունեցող 350 բնակիչներից 280-ը տվել է իր ստորագրությունը: Նրանց համբերությունը վերջնականապես հատեց, երբ ընկերությունը գյուղ բերեց ՓՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված խողովակները:  60-70 բնակիչ դրանք գետը գլորեցին (http://www.ecolur.org/hy/news/water/martz-residents-threw-pipes-for-martziget-v-1-shhp-into-gorge/4841/ ):  

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Նոյեմբեր 28, 2013 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր