ՀՀ Նախագահը կոչ արեց Էկոլոգներին` պաշտոնյաներին եւ ակտիվիստներին, զերծ մնալ շոուներից

ՀՀ Նախագահը կոչ արեց Էկոլոգներին` պաշտոնյաներին եւ ակտիվիստներին, զերծ մնալ շոուներից

ԷկոԼուր

Դեկտեմբերի 5-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Բնապահպանության նախարարություն եւ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է 2010-2013թթ. Բնապահպանության նախարարության գործունեության հիմնական արդյունքները: Նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության ոլորտի զարգացման հեռանկարները կանաչ տնտեսության անցման տեսանկյունից: Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է հասարակայնության և ԶԼՄ-ների հետ նախարարության համագործակցությունն ու այդ շրջանակներում իրականացված աշխատանքները: Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը ներկայացրել է ՀՀ հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների 2014-2020թթ. ծրագիրը: Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը ներկայացրել է նախարարության կառուցվածքը, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող և նախատեսված ծրագրերը:

Անդրադառնալով Բնապահպանության նախարարության գործունեությանն ու բնապահպանական խնդիրներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն նշել է, որ այդ խնդիրները բնականորեն բոլորի՝ իշխանությունների և հասարակության ուշադրության կենտրոնում են: Նախագահի խոսքով, ակնհայտ է, որ դրանց թիվ մեկ պատասխանատուն Բնապահպանության նախարարությունն է, ոլորտի փորձագետները, մասնագետները: Սերժ Սարգսյանի համոզմամբ, եթե բնապահպանական խնդիրների նկատմամբ բոլորի կողմից ուշադիր և հոգատար վերաբերմունք չլինի, ապա բնության անխնա և ոչ բանական օգտագործումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ըստ Նախագահի, միանգամայն հասկանալի է մարդկանց ցանկությունը՝ հետաքրքրվել այդ խնդիրներով և բարձրաձայնել իրենց կարծիքն ու ներկայացնել լուծման ուղիների իրենց առաջարկները, որպեսզի նման հետևանքներ չլինեն, որպեսզի բնականոն զարգացումն ապահովվի: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բնապահպանության նախարարության գերակա խնդիրն է, որպեսզի գործառույթների, այդ թվում նաև՝ պարտականությունների շրջանակներում, կարողանա կարճ ժամկետում կանոնակարգել բոլոր խնդիրները բնապահպանական ոլորտում: Խոսելով ապօրինի շահագործվող խորքային հորերի և ոլորտի այլ խնդիրների մասին՝ Նախագահը շեշտել է, որ դրանցով հետաքրքրվող մարդկանց՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայնը պետք է լսելի լինի, և դա նախարարության պարտականությունների շրջանակում է. «Ես շատ նորմալ եմ վերաբերում այդ շարժումներին: Ընդհանրապես համարում եմ, որ մեր երկրի զարգացումն առանց քաղաքացիական հասարակության կայացման, ուղղակի անհնար է: Եվ այստեղ որևէ սահմանափակումներ մտցնելը կարճատեսություն է: Մենք գնալով ավելի բաց հասարակություն ենք դառնալու և գնալով ոչ միայն բնապահպանների, այլև տարբեր կազմակերպությունների ձայնը շատ ավելի լսելի է լինելու: Ուղղակի ես կոչ եմ անում մեր նախարարության աշխատակիցներին և այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի զերծ մնան ցուցադրական միջոցառումներից, շոուներից և եթե նրանք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ են՝ իրենց հիմնական նպատակը լինի օգուտ բերելը բնապահպանական խնդիրներին, այլ ոչ թե մեր պետության համար նոր խնդիրներ ստեղծելը»: 

 Բնապահպանության նախարարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ` «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների և մոնիթորինգի բաժնի պետ Հովիկ Աղինյանը, «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրի պետ Անդրանիկ Ղուլիջանյանը, աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Գրիշա Մուրադյանը և աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Ջուլիետա Ստեփանյանը արժանացել են խրախուսանքի բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար եւ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

12:16 Դեկտեմբեր 09, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news