«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն վտանգավոր թափոնների վերամշակման լիցենզիա է ուզում ստանալ

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն վտանգավոր թափոնների վերամշակման լիցենզիա է ուզում ստանալ

ԷկոԼուր

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ կառավարությանը` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու նպատակով: Այդ կապակցությամբ սույն թվականի հունվարի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը իր պաշտոնական կայքի միջոցով շահագրգիռ կողմերին ներկայացրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման լիցենզիա տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կառավարության կողմից որոշման ընդունման դեպքում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին լիցենզիան տրամադրելու է ՀՀ բնապահպանության նախարարությունը, իսկ ՀՀ առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարերը վերահսկելու են կատարվելիք աշխատանքները:

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում էլ նշված է, որ «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ն է իրականացնելու միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրում, ուսումնասիրում, պահպանում, վնասազերծում և թաղում՝ մարդկանց և շրջակա միջավայրի իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար: Այդ նպատակով նախատեսվում է ծախսել 156,784.3 հազար դրամ: 

Հիշեցնենք, որ Հայաստանում ռադիոակտիվ թափոնները պահվում են Արմավիրի մարզում` Մեծամորում գտնվող Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքում:  Նախկինում ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնները տեղափոխվում էին Ռուսաստան, սակայն շրջափակման պատճառով երկաթուղին փակվեց, եւ ռադիոակտիվ թափոնները պահվում են ՀԱԷԿ-ի տարածքում:

15:04 Հունվար 27, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news