ՀՀ կառավարությունը ավելացրեց Սեւանա լճից ջրի բացթողումները` հաշվի չառնելով ո՛չ հասարակության, ո՛չ Բնապահպանության նախարարության կարծիքները

ՀՀ կառավարությունը ավելացրեց Սեւանա լճից ջրի բացթողումները` հաշվի չառնելով ո՛չ հասարակության, ո՛չ Բնապահպանության նախարարության կարծիքները

ԷկոԼուր

Այսօր` հունվարի 30-ին, ՀՀ կառավարությունը հերթակա նիստում հաստատեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկությունը  Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողումների վերաբերյալ: «Սա նուրբ թեմա է և հասկանալի է, որ հետաքրքրելու է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, - հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, - Անհրաժեշտ է մանրակրկիտ այդ ամենը բացատրել»:

«Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով Սեւանա լճից ջրի բացթողումները մինչեւ 2019 թ-ի հունվարի 1-ը կկազմեն 240 միլիոն խմ` նախկինի 170 միլիոն խմ-ի փոխարեն:

Կոմիտեն այս առաջարկությունը հիմնավորում է նրանով, որ Սեւ Ջուր գետը, որի ջրով ոռոգվում է Արարատյան հարթավայրը, ջրազրկվել է, իրենցից բարդ համակարգ ներկայացնող Արարատյան հարթավայրի ստորգետնյա գրունտային եւ արտեզյան ջրերը գերծախսվել են:

Չնայած հասարակության բողոքին և Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար  հիմնական պատասխանատու ՀՀ բնապահպանության նախարարության դիտողությանը, նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել: Այսպիսով, հասարակությունը առաջարկել էր միջանկյալ տարբերակ՝ կրճատել նախագծի ժամկետը մեկ տարով և այդ ժամանակահատվածում վերանորոգել ոռոգման համակարգերը, որոնց մեջ կորում էր մինչև  40% ջուրը  (Ջրպետկոմիտեի տվյալներով-17%):  ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջարկել էր ապահովել Սևանա լճի դրական հաշվեկշիռ. «1.Բացթողումների արդյունքում Սեւանա լճում բացասական հաշվեկշիռ գրանցելու դեպքում` հաջորդ տարվա ջրի բացթողումների չափաքանակների պահանջարկը պետք է սահմանվի նախորդ տարվա ջրառի սահմանված ջրաքանակի նվազեցմամբ` դրական հաշվեկշիռն ապահովող ջրի դեֆիցիտի կրկնակի չափով»:

Մյուս առաջարկը .«Ստանալ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական հիմնավորումը եւ «ՀՀ ԱԻՆ հիդրոօթերեութաբանական եւ մոնիտորինգի պետական ծառայության» ՊՈԱԿ-ի պաշտոնական եզրակացությունը:

Առաջարկության առաջին կետը չի ընդունվել: Իսկ 2-րդ կետի վերաբերյալ նախագծի տեղեկանքում ասված է, որ շահագրգիռ կողմերի կարծիքը ապահովված է:  Այնինչ, բացակայում են ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի եւ ՀՀ ԱԻՆ հիդրոօթերեութաբանական եւ մոնիտորինգի պետական ծառայության կարծիքները: 

Նախագծի վերաբերյալ իր առաջարկություններն էր ներկայացրել նաեւ ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը: «2.1Օրենքի նախագծի հոդված 2-ում «չափաքանակ» բառից հետո ավելացնել «ժամանակավոր՝ մինչև 2019թ. հունվարի 1-ը» բառերը, իսկ վերջում ավելացնել «կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների (գ.Հրազդան, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարներ) ջրատվության աստիճանից» պահպանելով «Սևանա լճի մասին» օրենքի հոդված 11 <«բ» կետով սահմանված «Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը և լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը» պահանջները դարձվածքը»,- նշված է Հանձնաժողովի եզրակացության մեջ: Առաջարկությունը ընդունվել է մասամբ` հետեւյալ պատճառաբանությամբ. «...«Սևանա լճի մասին»  ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետով որպես սկզբունք ամրագրված է Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի): Տվյալ դեպքում ներկայացված նախագիծը օրենք է և թույլ է տալիս համապատասխան կարգավորում»:

Նախագծի վերաբերյալ իրենց դրական եզրակացություններն են տվել ՀՀ գյուղատնտեսության, առողջապահության, էկոնոմիայի, արդարադատության եւ ֆինանսների նախարարությունները եւ Իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը:

15:08 Հունվար 30, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news