

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը նպաստում է ոչ թե Սևանա լճի մակարդակի բարձրացմանը, այլ` իջեցմանը: Անկախ ոռոգման պահանջից կառավարությունը ավելացնում է Սևանից ջրի բացթողումները ` ձգտելով դուրս չգալ 1900 մ մակարդակից:
Այս մասին վկայում է Սևանա լճի մակարդակի տատանումները արտացոլող 1926-2013 թթ-ի աղյուսակը: Այսպիսով, 2001 թ-ին «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, Սեւանի մակարդակը, ամրագրված ծովի մակարդակից 1896.32մետր նիշի վրա, սկսեց անշեղորեն բարձրանալ: Տարեկան աճը հասնում էր բարձր նիշերի՝ 44 սմ, իսկ երբեմն նաև 55 սմ: 2008 թ-ին կառավարությունը ավելացրեց ջրի բացթողումները` հասցնելով մինչև 304 միլիոն խմ-ի` պատճառաբանելով նկատելի երաշտի նշանները: Արդյունքում մակարդակի բարձրացումը դանդաղեց և կազմեց ընդամենը 6 սմ: Հետագա տարիների ընթացքում լճից բաց էին թողնում 170 միլիոն խմ սահմանված ծավալը: Բայց 2011 թ-ին մակարդակը կրկին բարձրացավ և կազմեց 22 սմ: Այդ ժամանակ` 2012 թ-ին, կառավարությունը փրկում է իրավիճակը և, օրենքին հակառակ, կրկին լրացուցիչ բացթողումներ է հաստատում մինչև 320 միլիոն խմ ծավալով: Պատճառաբանությունը` Արարատյան հարթավայրը ոռոգման ջրով ապահովող ջրամբարներում ջրի սակավություն: Արդյունքում բաց է թողնվում 303 միլիոն խմ, և լճի մակարդակը նվազում է. ստեղծվում է բացասական հաշվեկշիռ (-2 սմ):
2013 թ-ին լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 5 սմ, չնայած նրան, որ լրացուցիչ բացթողումներ պաշտոնապես չեն եղել:
Նայելով աղյուսակին՝ առաջանում է նաև հաջորդ հարցը: Ինչո՞ւ, երբ անգամ ջրբացթողումների պաշտոնական ծավալը չի գերազանցել 170 միլիոն խմ, մակարդակի տատանումները այդքան բարձր էին: Սևանում գետերի թողքերի ուսումնասիրությունները այս կապակցությամբ լավ բացատրություններ չեն տալիս: Ուրեմն, բացառված չէ այն ենթադրությունը, որ ջուրը, այնուամենայնիվ, լրացուցիչ վերցնում են՝ շրջանցելով սահմանված նորմերը:
Եվ այժմ` նոր օրինագիծ ջրբացթողումների ծավալը մինչև 240 միլիոն խմ դարձնելու վերաբերյալ` հաշվարկված 5 տարով: Ընդ որում, ոչ մեկ չի կասկածում, որ լճի մակարդակը կիջնի: Այդ մասին է վկայում կառավարության մերժումը, համաձայն որի վերջինս հրաժարվում է օրինագծում այնպիսի ուղղումներ մտցնել, որոնց շնորհիվ կպահպանվի լճի դրական հաշվեկշիռը:
Փետրվար 07, 2014 at 13:20