ԷկոԼուր
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պատրաստվում է նորացնել պատասխանատու կառավարման քաղաքակաությունը հետևյալ ուղղություններով`
•էկոլոգիական և սոցիալական քաղաքականություն
•հասարակությանը տեղեկացնելու սկզբունքներ
•նախագծերի հետ կապված բողոքները վերանայող մարմնի կանոնակարգ:
ԷկոԼուրը մասնակցել է Թբիլիսիում ՎԶԵԲ-ի քաղաքականությունների վերաբերյալ աշխատանքային սեմինարին և ներկայացնում է հետևյալ մեկնաբանությունները:
Հայաստանի` Եվրամիությանը չանդամակցելու և թափանցիկության, հաշվետվողականության, որոշումների ընդունման գործընթացներում լայն հասարակության մասնակցության վրա հիմնված եվրոպական կառավարման քաղաքականությունների հիմնական սկզբունքներից հրաժարվելու պայմաններում հատուկ նշանակություն են ձեռք բերում ՎԶԵԲ-ի հետ հարաբերությունները, որոնք շատ հարցերում ազդում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա և կոչված են ապահովել իրականացվող գործունեության համապատասխանությունն այնպիսի առաջնահերթություններին, ինչպիսիք են՝ կայուն զարգացումը, կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությունը և հետևանքների նվազեցումը, Եվրոպական ջրային դիրեկտիվան, միջազգային բնապահպանական կոնվենցիաները և այլն:
Այդ համատեքստում ՎԶԵԲ-ի սոցիալական և էկոլոգիական քաղաքականության կանոնավոր նորացումը պետք է ուժեղացնի մեր երկրում եվրոպական ստանդարտների իրագործումը, որոնց պետք է մոտ լինեն ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերը: Պետք է ուժեղացվեն նաև ՎԶԵԲ -ի միջոցներով իրենց գործունեությունն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պահանջները:
Դրա համար պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր սահմանում պետք է կրի ոչ թե դեկլարատիվ բնույթ, այլ ենթադրի հստակ գործընթաց, որը թույլ կտա սահմանել՝ որքանով է կոնկրետ գործունեությունը համապատասխանում բանկի կողմից ընդունված քաղաքականության սկզբունքներին և ստանդարտներին:
Ռեսուրսաարդյունավետություն
ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրների մեծ մասում՝ այդ թվում Հայաստանում, բացակայում է ռեսուրսների արդյունավետության գնահատումը օգուտների և վնասների հաշվեկշռի վրա կառուցված բնօգտագործման նախագծերում: Օգուտները տրված են տարադրամային միավորներոով, բայց վնասները ոչ մի ձևով հաշվարկված չեն: Հարկավոր է հաշվարկված համարժեքով որոշել և մտցնել առողջությանը և շրջակա միջավայրին պատճառվելիք վնասի գնահատականը, որը կարելի է համեմատել սոցիալ-էկոլոգիական միջոցառումների գնահատականի հետ: Դա կդարձնի բանկի քաղաքականությունը տվյալ կրիտերիայում տեսանելի եւ հաշվետու:
Մարդու իրավունքներ
Մենք կարծում ենք, որ բանկի կողմից առաջարկվող քաղաքականությունը բավականաչափ կերպով չի պաշտպանում մարդու իրավունքները: Այդպիսով, պատասխանատվությունը դրվում է տնտեսվարող սուբյեկտների վրա: Իսկ պետական մարմինները, ՎԶԵԲ-ը ազատված են այդ պատասխանատվությունից: Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ մարդկանցից խլում են մասնավոր սեփականությունը և հողերը նախագծերի իրականացման նպատակներով, որոնցում մարդիկ շահագրգռված չեն: Եվ պետական մարմինները , խախտելով օրենքներն ու մարդու իրավունքները, օտարում են հողերը համայնքներից և սեփականատերերից կիրառում են ճնշման քաղաքականությունը: Ճնշում են գործադրում դատական մարմինների վրա, օրինակ, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, երբ դատարանը հրաժարվեց ընդունել քաղաքացի Վիկտորյա Գրիգորյանի հայցն ընդդեմ բնապահպանության նախարարության՝ պահանջով ճանաչել Ջերմուկ քաղաքը նախագծի ազդեցության գոտի:
Եվ երբ չկան մարդու և սեփականատերի իրավունքների պաշտպանության երաշխիքներ, ապա ժողովրդավարության զարգացման կառույցները՝ ի դեմս ՎԶԵԲ-ի, պետք է դառնան մարդու իրավունքների երաշխավորներ և բոլոր շահագրգիռ կողմերից՝ պետությունից, բիզնեսից պահանջեն այդ իրավունքների կատարումը, պետք է պահպանեն և պաշտպանեն մարդու իրավունքները իրենց բոլոր ներդրումային նախագծերում և խուսափեն այն ներդրումներից, որոնց դեպքում այդ իրավունքները չեն կարող երաշխավորված լինել:
Օրհուսի կոնվենցիա և Էսպո կոնվենցիա
Օրհուսի կոնվենցիան գործիք է, որը թույլ է տալիս ապահովել տեղեկատվության մատչելիություն, հասարակության մասնակցություն և արդարադատության մատչելիություն այն երկրներում, որտեղ ժողովրդավարության սկզբունքներն ամբողջովին չեն պահպանվում, խախտվում են շահագրգիռ հասարակության իրավունքները: Օրինակ, Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների խախտման դեպքում հասարակությունը չի կարող պաշտպանել հասարակական շահերը դատական կարգով: Դատարանը մերժում է նման հայցերը: Եվ այստեղ մեծ դեր կարող է խաղալ ՎԶԵԲ-ը, չսահմանափակելով Օրհուսի կոնվենցիայի կիրառման ոլորտը կոնկրետ նախագծերի վերաբերյալ, այլ ընդլայնելով այդ ոլորտը բանկի կողմից ֆինանսավորվող բոլոր նախագծերի վրա՝ խրախուսելով այդպիսով և պետական մարմիններին, և բիզնեսին կատարել միջազգային փաստաթղթերի դրույթները, որոնցով երկիրը կրում է որոշակի պարտավորվածություններ միջազգային հանրության առջև:
ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներում հասարակության իրական մասնակցությունը վերածվում է իմիտացիոն գործունեության, ինչին նպաստում է այն գործընթացների բացակայությունը, որոնք թույլ են տալիս հաշվի առնել հասարակական կարծիքը: Դա նաև ոտնահարում է մարդու, սեփականատիրոջ իրավունքները և ստեղծում է սոցիալական լարվածություն նախագծերի ազդեցության գոտիներում: Գործընթացների պահանջը՝ հաշվի առնել հասարակական կարծիքը նախագիծը քննարկելիս, թույլ կտա խուսափել տնտեսվարող սուբյեկտի և համայնքի միջև, մեկ համայնքում տարբեր խմբերի միջև, պետական կառույցների և հասարակության միջև շատ կոնֆլիկտներից: Նաև թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, որոնք առաջանում են տեղական ինքնակառավարման մարմնի հետ, պետական չինովնիկների հետ անձնական պայմանավորվածության դեպքում, այսինքն, փաստացի կաշառքի առկայության դեպքում, որով փոխարինվում է օրենքի պահպանումը:
Այնուհետև, ՎԶԵԲ-ը որպես բնակչություն հասկանում է ազդեցության ենթարկվող տեղի բնակչությանը: Բայց այն նախագծերը, որոնք կրում են բարձր ռիսկեր, շատ ավելի մեծ տարածք են զբաղեցնում, քան նախագծի ենթակառուցվածքի մեջ անմիջականորեն մտած տարածքը: Հաշվի առնելով այն, որ ՎԶԵԲ-ի առաքելության մեջ նշված է, որ հիմնական նպատակը երկրի զարգացմանն աջակցելն է, ապա որպես ազդակիր խումբը պետք է լինի ողջ քաղաքացիական հասարակությունը:
Ինչ վերաբերում է Էսպոյին, ապա նշենք, որ ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի մեծ մասում անդրսահմանային ենթատեքստում ազդեցության գնահատականը բացակայում է: Այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստանն իր երկրաբանական դիրքի շնորհիվ ազդեցություն է ունենում հարևան երկրների վրա՝ տալով մակերեսային ջրերի 80%-ը հարևան երկրներին: Նախագծերում ներառելով պահանջներ անդրսահմանային ազդեցության գնահատման վերաբերյալ՝ ՎԶԵԲ-ը կնպաստի սուր կոնֆլիկտային իրավիճակների մեղմացմանը, որոնք առկա են բարձր ռիսկեր պարունակող նախագծերի իրականացման դեպքում/A և B կատեգորիաներ/, այդ թվում թույլ չի տա քաղաքական ասպեկտում մանևրել էկոլոգիական կատեգորիաներով:
Նախագծերի գնահատման ավարտի ձգձգումը. տնօրենների խորհրդի հաստատումից հետո
Հայաստանը միանում է Bankwatch-ի անհանգստությանը՝ քաղաքականության մեջ (նախագծի կետ 40 ) նորամուծության վերաբերյալ, որի համաձայն՝ ՎԶԵԲ-ի տնօրենների խորհուրդը կարող է ժամանակավոր հաստատել նախագիծը՝ լրացուցիչ ուսումնասիրությունների և պլանավորման հետագա ավարտի պայմանով: Նախագծի հաստատումը տնօրենների խորհրդի կողմից ուժեղ քաղաքական ահազանգ է այն մասին, որ նախագծի իրականացումը կարող է իրականանալ՝ տալով հաճախորդներին հիմքեր վերաբերվելու հետագա ուսումնասիրություններին որպես սովորական ձևականության:
Հաջորդ կետը (41) նույնպես անհանգստություն առաջացնող դրույթ է պարունակում: Այն նախատեսում է այլընտրանքային մոտեցումներ որոշումների ընդունման նկատմամբ, ինչը իրականում թույլ է տալիս ցանկացած նախագծի խուսանավել քաղաքականությունից, եթե տնօրենների խորհուրդը տալիս է իր համաձայնությունը: Դա փաստացի վտանգում է ողջ քաղաքականության շարժառիթները:
Նոր դրույթ տեխնիկական համագործակցության և պետական մարմինների հետ երկխոսության մասին
Պետական մարմինների հետ երկխոսության մասին նախորդ աղոտ ձևակերպումը բացատրված էր այսպես.«Իր տեխնիկական համագործակցության և պետական մարմինների հետ երկխոսության շնորհիվ ՎԶԵԲ-ը կփորձի աջակցել բարեկարգ միջավայրի ստեղծմանը՝ օրինակ, իր հաճախորդներին աջակցելով իրենց նախագծերում էկոլոգիական և սոցիալական հավասար արդյունքների հասնելու»: Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի բարձր մակարդակի առկայության պայմաններում նմանատիպ ձևակերպումը չի աշխատում։ Ավելին, պետական մարմինների հետ հարաբերություններում ՎԶԵԲ-ի պահանջների լղոզվածությունը բարձրացնում է կոռուպցիոն ռիսկերը նաեւ բանկի հաճախորդների հետ հարաբերություններում, ինչպես դա արդեն նկատվում է հանքարդյունաբերության ոլորտում: Դրա հետ մեկտեղ հասարակության շահերը, կայուն զարգացման սկզբունքներն անտեսվում են:
Կենսաբազմազանություն:
Անհանգստություն են առաջացնում ձևակերպումները, որոնք փոխում են կենսաբազմազանության պահպանման սկզբունքները: Հատկապես դա վերաբերում է «կենսաբազմազանության փոխհատուցմանը»: Եթե նախագիծն ազդի Կարմիր գրքի տեսակների վրա, որոնք արդեն գտնվում են անհետացման եզրին կամ համարվում են շատ խոցելի, ապա հասկանալի է, որ դրանք ոչ մի կերպ չեն կարող փոխհատուցվել, չեն կարող վերատնկվել, տեղափոխվել: Հատուկ պահպանվող տարածքի (ՀՊՏ) կարգավիճակն /կախված կատեգորիայից/ արդեն ենթադրում է, որ այդ գոտիներում արգելված են որոշակի գործունեություններ։ Եվ եթե նախագիծը նկարագրում է նմանատիպ գործունեություն, ապա այն կարող է իրականացվել բացառապես արգելված գոտիներից դուրս: Դա սկզբունքային է, քանի որ ամրագրված է այնպիսի միջազգային իրավական փաստաթղթերում, ինչպիսիք են՝ «Կենսաբազմազանության պահպանման մասին» կոնվենցիան, «Լանդշաֆտների պահպանման մասին» եվրոպական կոնվենցիան, Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակը և այլն: Այսինքն, խոսքը ոչ միայն փորձի մասին է, այլ նաև փաստաթղթերի, որոնք պարտադիր պետք է կատարվեն ինչպես ԵՄ-ի երկրների կողմից, այնպես էլ այդ իրավական փաստաթղթերին միացած և վավերացրած ԵՄ-ին ոչ անդամ երկրների կողմից։
Էկոլոգիական և սոցիալական տեղեկատվության բացահայտումը և որոշումների ընդունման գործընթացում մասնակցության ապահովումը
Հանքարդյունաբերական սեկտորի նախագծերը կրում են զանգվածային բնույթի բացասական ազդեցություն և ունեն կումուլյատիվ էֆեկտներ: Դրանք А և В կատեգորիայի նախագծերն են, որոնք համալիր գնահատման, դրանց քննարկմանը լայն հասարակության և անկախ փորձագետների մասնակցության կարիք ունեն: Դրա համար անհրաժեշտ է շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին տեղեկատվություն բոլոր փուլերում՝ ՇՄԱԳ-ի ներկայացումը նախագծողների կողմից, փորձաքննության ընթացքում ստացված գնահատականներ և կարծիքներ, ՇՄԱԳ-ի վերաբերյալ եզրակացություն, նախագծի իրականացում, ընկերության հաշվետվություններ բնապահպանական և սոցիալական միջոցառումների ծրագրերի վերաբերյալ, բանկի մոնիտորինգի արդյունքներ, հասարակական մոնիտորինգի արդյունքներ, եթե այն անցկացվում է և տրամադրվում է շահագրգիռ կողմերին: ՎԶԵԲ-ի կողմից նման պահանջի առկայությունը թույլ կտա խուսափել բիզնեսի, հասարակության և տեղի բնակչության միջև կոնֆլիկտից, քանի որ պարտադիր կատարման մակարդակով թույլ կտա տարբերել նախագծի PR-ը նախագծի մասին օբյեկտիվ կարծիքից: Խնդիրը նրանում է, որ որքան շատ պահանջներ ներկայացնի բանկը, այդքան ավելի շատ հաշվի կառնվեն բոլոր կողմերի շահերի բախումը տարբեր փուլերում և դրանք չեն վերածվի սուր դիմադրության: Մյուս կողմից, բանկը կկարողանա ստանալ հետադարձ տեղեկատվություն, որը թույլ կտա խնդրի առաջացման վաղ փուլերում ընդունել օպերատիվ որոշումներ նախագծերի վերաբերյալ առանց ավելորդ ծախսերի և կոնֆլիկտի սրման։
Նշենք նաև, որ ՎԶԵԲ-ը նախագծերը ոչ միայն А, B, C կատեգորիաների ռիսկեր պարունակող նախագծերի տեսանկյունից է դիտարկում, այլ նաև այնպիսի առանձնացված կատեգորիաների, ինչպիսիք են՝ բնապահպանական, տրանսպորտային, էներգետիկ: Բայց միևնույն նախագիծը կարող է ներառել մի քանի նմանատիպ կատեգորիա: Եթե բոլոր կատեգորիաները, որոնք ներառված են մեկ նախագծում, հստակեցվեն, ապա դա կապահովի տեղեկատվության հասանելիությունը և նախագծի մոնիտորինգի անցկացումը, ինչը համապատասխանում է հասարակական շահերին:
Դիմում բողոքների դիտարկման համար
ՎԶԵԲ-ը նախատեսում է կիրառել բողոքների դիտարկումը ստույգ նախագծերի համար: Սակայն հաճախորդների հետ բանկն ունի բազմակողմանի հարաբերություններ, օրինակ, եթե նա բաժնետոմսերի սեփականատեր է: Հարկ է նախատեսել և առանձնացնել ընթացակարգեր բոլոր դեպքերի և հարաբերությունների համար, որոնք ունի բանկը:
Մարտ 14, 2014 at 16:42