Տեղի բնակչությունն առանց որևէ միջամտության սկսել է պաշտպանել իր իրավունքները. 2019 թ. ձեռքբերումը

Տեղի բնակչությունն առանց որևէ միջամտության սկսել է պաշտպանել իր իրավունքները. 2019 թ. ձեռքբերումը

ԷկոԼուր

Մեզ համար այս տարին շատ կարևոր էր, որովհետև հասկացանք, որ տեղի բնակչությունն առանց որևէ միջամտության սկսել է պաշտպանել իր իրավունքները: Դեկտեմբերի 20-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում տեղի ունեցած «2019 թվական՝ բնապահպանական ակտիվության տարի» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: 

«Հասկանում ենք, որ տեղի բնակչությունն իր ուժը զգում է: Մարդիկ կանգնել և մերժել են Վազաշեն գյուղում Վազաշենի ոսկի բազմամետաղային հանքավայրի ծրագիրը: Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղը նույն կերպ մերժեց Վարդենիսի ոսկի- բազմամետաղային հանքավայրի հետազոտության ծրագիրը: Ազատեկի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ կանգնեցին Վայոց ձորի մարզի մի քանի համայնքներ: Գլաձոր համայնքն արդեն 3-րդ տարին է՝ պայքարում է Գլաձորի ոսկի բազմամետաղային հանքավայրի շահագործման դեմ»,- համայնքների համախմբման և պայքարի օրինակները հիշեց/թվարկեց Զարաֆյանը: 

Անդրադառնալով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին, Զարաֆյանը նշեց, որ տեղի բնակչությունն արդեն 1,5 տարի է՝ բնապահպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ պայքարում է այդ ծրագրի իրագործման դեմ: Շարունակելով Ամուլսարի թեման՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը, ներկայացնելով Ամուլսարի պայքարի ժամանակագրությունը և դրան առնչվող դատական գործընթացները, նշեց, որ այն վերջին մի քանի տարիների ամենաակտիվ պայքարն է: 

Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արբիտրաժ դիմել-չդիմելու հնարավորությանը, Նազելի Վարդանյանը նշեց. «Արբիտրաժի թեման այնքան քննարկվեց, փորձագետներն էլ հաստատեցին այն, ինչ ես 3-4 ամիս ասում եմ: Այն փաստը, որ իրենք ստիպված են եղել երկու դուստր կազմակերպություն ստեղծել և գրանցել Լոնդոնում և Տորոնտոյում, նշանակում է, որ հենց իրենք էլ գիտակցում են, որ չեն կարող դիմել միջազգային արբիտրաժ, քանի որ գրանցված են օֆշորային գոտում: Նախորդ տարվա օգոստոսին «Լիդիան ինթերնեյշնլը» ստեղծել է երկու նոր կազմակերպություն: Այդ երկու կազմակերպությունները հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը, և դրանց  խաղաղ ճանապարհով լուծելու ժամկետները վաղուց անցել են: Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրով արդեն վեց ամիս է անցել, իսկ Կանադայի հետ համաձայնագրով՝ 3 ամիս, և որևէ գործընթաց չկա: Իրենք շատ լավ գիտակցում են, որ եթե հիմա դիմեն, միայն ծախսեր կանեն, և որևէ հաջողության չեն հասնի: Միայն այն, որ իրենք ստեղծվել են այն ժամանակ, երբ արդեն 2,5 ամիս ճանապարհները փակ են եղել և ցույց են տալիս, որ իրենք ներդրում են արել չգործող կազմակերպության մեջ, այդ ռիսկերն իրենց վրա է մնում: Այդ կերպ նաև հիմնավորվում է, որ սա արդարադատության և դատական պրոցեսի չարաշահում է, որովհետև նոր կազմակերպություն են ստեղծում, որպեսզի դատական պրոցես իրականացնեն»,- նշեց նա: Հանրային խորհրդի Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը ներկայացրեց հանձնաժողովի՝ 2019 թ. քննարկումների հիմնական արդյունքները: Դրանք վերաբերում են Սևանա լճի խնդիրներին, շրջակա միջավայրի և առողջության վրա մետաղական հանքարդունաբերության ազդեցությանը, Երևանի կանաչ գոտիների զավթման, մասնավորապես, Դալմայի այգիների խնդրին և «Շնող» ՀԷԿ-ի կառուցմանը:

Դանիելյանը դրական գնահատեց հանրային խորհրդի՝ պետական սեկտորի հետ ունեցած փոխհամագործակցությունը: «Մեր նամակների պատասխանները ստացել ենք, արձագանք եղել է. նախարարությունների ներկայացուցիչները նիստերին եկել են: 2019 թ. 15 թեմայով քննարկում ենք ունեցել»,- ասաց նա:

Անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին, Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ թե՛  2018թ-ին և թե 2019 թ. սկզբին Սևանի խնդրով դիմել էին պատկան մարմիններին: « Փորձագետները խիստ անհանգստացած են Սևանի ճահճացման խնդրով: Մի քանի խնդիր էինք դրել՝ մաքրման կայանի խնդիրը, ջրառի կրճատումը, ափամերձ տարածքների մաքրումը: Բավական լայն պատասխան ենք ստացել մի քանի նախարարություններից: Այս ամառ որոշվեց լրացուցիչ ջրառ չվերցնել և ընդունեցին որոշում, որ այլևս չեն վերցնի»,- նշեց նա: 

Կարինե Դանիելյանի ներկայացմամբ Հայաստանում ամենառիսկային գոտիներն են համարվում Լոռու ու Սյունիքի մարզերը՝ պայմանավորված այնտեղ իրականացվող մետաղական հանքարդյունաբերությամբ: «Այնտեղ առողջապահական և բնապահպանական ցուցանիշները բավական ցածր են: Ունեցանք անհամաձայնություն Առողջապահության նախարարության հետ, որը ժամանակին գտնում էր, թե այդպիսի խնդիրը չենք կարող հաստատել. գործիքակազմը չի բավարարում: Սակայն ներկայում իրավիճակը փոքր-ինչ փոխվել է: Նախարարության հրավերով եկել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները: Համատեղ մեթոդաբանություն են մշակում՝ ինչպես գնահատել շրջակա միջավայրի ազդեցությունը առողջության վրա»,- նշեց նա:  

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում:

 

 



14:38 Դեկտեմբեր 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news